Գիտակրթական

Պատմաբանի օրը և պատմությունը․ Հայկ Մխոյան

Պատմաբանի օրը և պատմությունը․ Հայկ Մխոյան

Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ 2012 թվականից ի վեր դեկտեմբերի 4-ը նշվում է որպես պատմաբանի օր։ Արդեն մոտ մեկ տասնամյակ է՝ օրվա կապակցությամբ ԵՊՀ-ում գիտաժողովներ ու սեմինարներ են  անցկացվում։ Այս տարի պատմաբանի օրվան նվիրված գիտաժողովի աշխատանքները տևել են նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 3-ը։ Գիտաժողովի նպատակի, ինչպես նաև մեր օրերում պատմաբանների ունեցած դերի մասին զրուցել ենք ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս Հայկ Մխոյանի հետ։

-Պարոն Մխոյան, այս տավա գիտաժողովն ինչո՞վ էր տարբերվում մյուսներից։ Որո՞նք էին հիմնական շեշտադրումները։

-Նախ ասեմ, որ օրվա ընտրությունը կապված է հայ պատմագիտության առաջին ներկայացուցիչ, պատմաբան Միքայել Չամչյանի ծննդյան օրվա հետ։ Առաջին տարին՝ 2012 թվականին, սեմինարներ ենք անցկացրել ԵՊՀ-ում, իսկ հաջորդող տարիներին արդեն՝ գիտաժողովներ։ Այս տարի գիտաժողովն ավելի մասշտաբային էր․ մասնակիցներ կային ինչպես ՀՀ, այնպես էլ Ռուսաստանի տարբեր բուհերից, Մոլդովայից․ այն միջազգային ուսանողական գիտաժողով էր։ Քննարկումները վերաբերում էին պատմագիտության տարբեր ուղղություններին։ Գիտաժողովի նպատակը երիտասարդներին խրախուսելն է, որ զբաղվեն գիտական գործունեությամբ։ Մասնակիցների մեջ մեծ թիվ էին կազմում ուսանողները, որոնք առաջին անգամ էին գիտաժողովի մասնակցում։

-Պատմաբանի խնդիրը պատմական իրադարձությունների վավերագրո՞ւմն է միայն։ Եվ, առհասարակ, որոշակի կանոնակարգում կա՞, թե ով կարող է զբաղվել պատմության վավերագրմամբ։

-Երբ պատմությունը դիտարկվում է որպես անցյալի հիշողություն, այո, բայց ավելի քան 200 տարի է, ինչ պատմությունը չի սահմանափակվում միայն հիշողության արձանագրմամբ․ այն ներառում է նաև վերլուծություններ, միջդիսցիպլինար խնդիրներ։ Պատմաբանը պետք է կարողանա վերլուծել փաստերն ու վեր հանել հնարավոր զարգացումների միտումները։ Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, միանշանակ, պատմական դեպքերը պետք է արձանագրեն պրոֆեսիոնալ պատմաբանները։ Ու կարևոր է, որ օբյեկտիվ ներկայացվի ամեն ինչ։ Օրինակ՝ մեր օրերում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ  այնքան հակասական են արձանագրումներն ու վերլությունները, որ վաղվա պատմաբանի համար շատ դժվար կլինի վեր հանել ճշմարիտը։

-Որպեսզի աշակերտն ու ուսանողը պատմությունը չընդունեն որպես առարկա, որն ուղղակի ներկայացնում  է անցյալում տեղի ունեցած դեպքերը, ի՞նչ կարելի է անել։

-Մենք ունենք, նախ և առաջ, մասնագետների վերապատրաստման կարիք։ Վերապատրաստումն էլ ձևական բնույթ չպետք է կրի, այլ բովանդակային փոփոխությունների հանգեցնի։ Այսօր կան բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք կարող են և՛ հետաքրքիր դարձնել նյութի մատուցումը, և՛ ցույց տալ անցյալի ու ներկայի կապը։ Օրինակ՝ 44-օրյա պատերազմը շատ նմանություններ ունի 1920 թ․ թուրք-հայկական պատերազմի հետ, իսկ պետության ներկա վիճակը՝ որոշակի ընդհանրություններ Բագրատունյաց թագավորության ժամանակների հետ։ Եթե աշակերտին, որն ապրում է տվյալ պատմական ժամանակում, պատմահամեմատական, վերլուծական մեթոդներով ցույց ես տալիս, թե ինչ ընդհանրություններ կան, ասենք, 1000 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի և մեր օրերում տեղի ունեցողի միջև, սկսում է հասկանալ, որ պատմությունը կենդանի գիտություն է։ Ժամանակակից տեխնոլոգիաները ևս կարող են օգնել մասնագետներին՝ ընտրել մատուցման ընկալելի մեթոդներ։

-Հայոց պատմության դասագրքերում պատմական դեպքերի վերլուծություններ տեսնո՞ւմ ենք այսօր։ Պատմության մատուցումը որքանո՞վ է համապատասխանում ժամանակի պահանջներին։

-Խորհդրային տարիներից հետո բազմիցս վերահրատարակվել են հայոց պատմության դասագրքերը, բայց անելիքներ շատ կան դեռ։ Կրթությունը չի կարող սառած մնալ, այն անընդհատ վերանայման կարիք ունի։ Դասագրքերը պատմության ստեղծանը զուգահեռ փոփոխման կարիք են ունենում։ Օրինակ՝ գերմանացիները վերջին 200 տարվա ընթացքում անընդհատ վերանայել են իրենց պատմության դասագրքերը։ Իհարկե, մենք մեր ազգայինը պետք է ստեղծենք, բայց մոտեցումների մասով կարող ենք միջազգային փորձը ևս հաշվի առնել։ Դասավանդման մոտեցումներում շատ են թերությունները․ աշակերտին և ուսանողին գիտելիք տալուց ոչ պակաս կարևոր  է վերլուծել սովորեցնելը։

-Ո՞րն է խնդիրը, որ պատմությունից այդպես էլ դասեր չենք քաղում։

-Խնդիրն այն է, որ պատմություն չենք սովորում։ Անընդհատ ասում ենք՝ պատմական պրոցեսները հասկանալ է պետք, տարբեր ժամանակաշրջաններում տեղի ունեցած դեպքերի պատճառահետևանքային կապը հասկանալը շատ կարևոր է։  Նորից Գերմանիայի օրինակը բերեմ․ երբ 1870-71թթ․, երբ ընթանում էր ֆրանս-պրուսական պատերազմը, գերմանացիները կարգախոս ունեին՝ երկաթով և արյամբ։ Իսկ ահա պատերազմի ավարտից հետո Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկն ասաց՝ մենք հաղթեցինք ոչ թե երկաթով և արյամբ, այլ՝ ուսուցիչների շնորհիվ։ Այսինքն՝ գերմանացուն հիանալի դաստիարակություն են տվել դպրոցում։ Անցյալի փորձը յուրացրել էին։ Հիմա մեզ պետք են նման մասնագետներ, ովքեր աշակերտին կօգնեն հասկանալ պատմության դերը, կսովորեցնեն սովորել պատմություն, վերլուծել պատմական դեպքերն ու ճիշտ հետևություններ անել։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)