Քաղաքական

Ոչ թե պառակտում է եղել, այլ՝ աշխատանքի բաժանում

Ոչ թե պառակտում է եղել, այլ՝ աշխատանքի բաժանում

«5165» շարժումը մտնում է պայքարի երկրորդ փուլ՝ փողոցային պայքարը միառժամանակ փոխարինելով քաղաքական կոնսուլտացիաների փուլով։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ շարժման ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ «ազատագրական շարժման» մյուս նախաձեռողների հետ տարաձայնություններ չկան, ուղղակի կատարվել է աշխատանքի բաժանում։

«Մենք չենք պառակտվել, այլ համաձայնեցված ենք գնում այս քայլին։ Խնդիրն այն է, որ ժողովրդի համախմբմամբ մեկը պետք է զբաղվի, իսկ այս մեկ շաբաթվա ընթացքում համոզվեցինք, որ մինչև չլինի համազգային համախմբում, Փաշինյանի հրաժարականը չենք կարողանա պահանջել։ Քաղաքական անհնազանդության տարբեր գործողությունների համար մեր ռեսուրսը քիչ է, ժողովուրդը պետք է մեզ օգնի։ Իրենք («ազատագրական շարժման» նախաձեռնող խմբի մյուս անդամները,-խմբ․) ամեն դեպքում ուզում են պահել հրապարակը։

Ի հավելումն տիկին Տոնոյանի՝ «5165» շարժման անդամ Հովհաննես Ղազարյանը շարունակեց՝  այս պահին որոշել ենք, որ մի բան իրենք են անում, մի բան՝ մենք։ Դա աշխատանքի բաժանում է և ոչ թե պառակտում։ Նրանք մեր ընկերներն են, ու չզարմանաք, եթե երբեմն մեզ էլ հրապարակում տեսնեք։

Ամբողջ գործընթացի օրակարգը, Կարին Տոնոյանի խոսքով, կառավարության հրաժարականն ու ազգային համերաշխության ձևավորումն է։ Որ դրան հասնելու համար փշոտ ու դժվար ճանապարհ պիտի անցնեն, շարժման ներկայացուցիչները գիտեն։

Ամեն դեպքում, որոշել են՝ այսօր ևեթ կդիմեն քաղաքական բոլոր ուժերին՝ հանդիպելու և խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։ Հանուն երկրի շահի՝ կուսակցական ու անձնական ամբիցիաները մի կողմ թողնելու կոչով շարժման ներկայացուցիչները հանդես են եկել նաև անցած մեկ շաբաթվա ընթացքում Հանրպետության հրապարակում տեղի ունեցած հավաքների ժամանակ։

Ըստ «5165» շարժման անդամների՝ համագործակցության հիման վրա, կոմպետենտ մարդկանց ներգրավմամբ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կկարողանա մոբիլիզացնել մարդկային ռեսուրսները և առաջնահերթ լուծել անվտանգության խնդիրները։

«5165»-ը քաղաքական բոլոր ուժերի հետ խորհրդակցություններին զուգահեռ՝ շարունակելու է պայքարել սահմանագծման ու սահմանզատման վերաբերյալ փաստաթղթի հանրայնացման համար։ Շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը կոչ արեց իրենց միանալ բոլոր այն ուժերին և անհատներին, ովքեր գտնում են, որ սահմանագծմամբ և սահմանազատմամբ ՀՀ-ն «ձեռքերը լվանում է» Արցախից, ուստի և դեմ է այդ գործընթացին։

Կարին Տոնոյանն էլ նշեց, որ բացի քաղաքական ուժերի և հանրային ճանաչում ունեցող անհատների հետ հանդիպումներից, քննարկումներ են ունենալու նաև իրենց մտահոգությունները կիսող, բարձրացված պահանջների հետ համաձայն քաղաքացիների հետ՝ այդ թվում ՀՀ տարբեր համայնքներում։