Երևանյան

Մեծ նախագծի փոքրիկ հատվածը`ժամանակավոր տեղափոխության պատճառ

Մեծ նախագծի փոքրիկ հատվածը`ժամանակավոր տեղափոխության պատճառ
Բաբաջանյան փողոցի բնակիչների մի մասը դժվարությամբ է մեքենայով տուն վերադառնում։ Մի քանի ամիս առաջ այստեղ մինչեւ ուշ ժամ խցանումներ էին, հիմա էլ ճանապարհի մի փոքր հատվածն է անցանելի․ պատճառը շինարարական աշխատանքներն են։
«Տանջվում, տառապում էի մինչև մեքենայով տուն էի գալիս»,- դժգոհում է Բաբաջանյան փողոցի բնակիչներից մեկը, որը ստեղծված անհարմարություններից խուսափելու համար ժամանակավորապես տեղափոխվել է Տավուշի մարզի իր փոքրիկ տուն։
Ժամանակավոր տեղափոխության պատճառներից մեկը նաեւ փողոցի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված փոշու մշտական ամպն է, որից բնակչի կինը ունի սուր արտահայտված ալերգիա։ Բնակիչները բողոքում են նաև շինարարական մեքենաների, իսկ գիշերային ժամերին` բաց ջրատարներով հոսող ջրի աղմուկից։ «Տպավորություն է, թե գետի ափին ենք ապրում»,- ասում է զրուցակիցս։
Ամեն օր աշխատանքի կամ դասի շտապողներին խանգարում է այդ հատվածում կանգառի ժամանակավոր բացակայությունը։ Նշեցին, որ ստիպված են լինում տնից շուտ դուրս գալ`մոտակա կանգառ հասնելու և չուշանալու համար, ինչը ևս անհարմարություն է։

 
 
 
 
 
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի այս փողոցում ապրող մարդկանց կյանքում տարբեր խնդիրների և անհարմարությունների պատճառն է դարձել մի մեծ ծրագիր, որում այս փողոցը կազմում է ընդամենը մի փոքրիկ հատված։
Բաբաջանյան փողոցը  ներառված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Աշտարակ (11,4կմ) և Երևան-Արտաշատ (19,6կմ) ճանապարհային բաժանման մեջ։ Ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն․ Երևան-Գյումրի և Երևան-Արարատ հատվածներում ստեղծվելու է քառուղի առաջին կարգի ճանապարհ։
Կարևոր նշանակության այս ճանապարհի կառուցումը երկարատև գործընթաց է, որը հաճախ բնակչության համար անհարմարություններ է առաջացնում։ Բայց պետք է հիշել, որ այս ամենը կրում է ժամանակավոր բնույթ։

  

Շողեր Սահակյան (կամավոր թղթակից)