Քաղաքական

Ի՞նչ խորհրդարան են ընտրել ընտրություններին մասնակցած ու չմասնակցած քաղաքացիները

Ի՞նչ խորհրդարան են ընտրել ընտրություններին մասնակցած ու չմասնակցած քաղաքացիները
Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելիս ամեն մարդ ունի իր ճշմարտությունը։ Ընտրություններն ավարտվել են, սակայն խոսակցությունները չեն դադարում, մարդիկ քննարկում են արդյունքները, բանավիճում և վիճաբանում են՝ յուրաքանչյուրը պաշտպանելով իր տեսակետը։
«Ինչին արժանի էր մեր ազգը, դա էլ ստացավ։ Հասարակության գերակշռող մասը, ցավոք, որը ամենևին գրել-կարդալու հետ առնչություն չունի, ընտրում է ոչ թե ծրագրային դրույթներով ու իրական արդյունքով, այլ աչքերով ու ականջներով»,- ասում է 45-ամյա ուսուցչուհի Նաիրա Մանվելյանը` չբացահայտելով, թե ով պետք է զբաղվի մարդկանց «գրել-կարդալ» սովորեցնելով։ Դրա փոխարեն զայրանում է, որ մարդիկ ավելի ազդեցիկ գործոն են համարում ղեկավարի հետ լուսանկարվելը, անընդհատ անպատասխան սիրո մասին խոստովանություններն ու նախկիններին դատափետելու մասին սին հայտարարությունները, քան` իրական ուժն ու ծրագիրը։
Իսկ ահա Աննա Հարությունյանը քվեն տվել է Նիկոլ Փաշինյանին ու չի զղջում։
«Ես հավատում եմ Նիկոլին և շատ սիրում եմ իրեն։ Ինձ թվում է, որ դեռ կարող է Նիկոլը ամեն ինչ վերափոխել և առաջ տանել մեր ժողովրդին»,- ասում է նա` խոստովանելով` քվեարկել է, որպեսզի նախկինները հետ չգան։ Ասում է, որ ընտրությունը կատարել է անծրագիր, անհեռանկար, ավելի ուժեղ մեկին փնտրելով ու չգտնելով։
Մյուս զրուցակիցս, որը չցանկացավ ներկայանալ, իշխանությանը ո՞ր քայլի համար է կողմ քվերակել հարցիս՝ պատասխանում է. «25.000 զինվորի կյանք փրկեց»։
Ու հասկանում եմ, որ ընդդիմությանը ձայն տվող մեկ ուրիշն էլ նույն կերպ կարող էր ասել, որ քվեն տվել է, քանի որ իշխանության պատճառով 5000 զոհ ենք ունեցել։
Հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մոտ կարծիքները խիստ բևեռացած են ու պարզ չի, թե կրքերը երբ կհանդարտվեն ու կհանդարտվե՞ն արդյոք։ Բայց կա նաև հասարակության մեջ մի երրորդ հատված` 50 տոկոսից ավելի, որ չի մասնակցել ընտրություններին։
Մասնագիտությամբ տնտեսագետ Արամ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի մասնակցել ընտրություններին, որովհետև ոչ ընդդիմության, ոչ էլ իշխանության շարքերում չի տեսել այն ուժը, որին կարելի է վստահել ու ձայն տալ։
«Ձեռնպահ չեմ մնում, միշտ հետաքրքրվում եմ, նախընտրական ծրագրերին որոշ չափով ծանոթանում եմ, սակայն չկա այնպիսի կուսակցություն, որի ծրագրին լիարժեք ծանոթ լինեմ, որովհետև դրանց դրույթները, միևնույն է, չեն իրականացվելու, մնալու են գեղեցիկ շարադրանք: Եվ հենց այդ համոզվածությունն է խոչընդոտում, որ լրջորեն վերաբերվեմ նախընտրական ծրագրերին»,-ասում է նա։
Ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանն ի վիճակի չի լինելու լուծել Հայաստանի առաջ ծառացած բարդ քաղաքական, ռազմական խնդիրները` համոզված է քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը։
«Պատերազմը ոչ միայն անվտանգության համակարգում փոփոխություններ կատարելու, այլև որակյալ բարեփոխումների անհրաժեշտություն առաջացրեց: Անկեղծ ասած, քննադատաբար եմ վերաբերվում այս խորհրդարանի հնարավորություններին, և ներկայում չեմ տեսնում այդ բարեփոխումներն անող քաղաքական կուսակցություններ, ուժեր կամ գործիչներ: Հետեւաբար, դրանք կմնան ապագային»,- շեշտում է քաղաքագետը:
Ըստ Արզումանյանի՝ առաջիկայում գործ ենք ունենալու «ռեֆլեքսիվ» խորհրդարանի հետ, այսինքն՝ երբ պատասխանում ես հակառակ կողմի քայլերին՝ չկայացնելով քո քայլերն ու որոշումները: Նրա խոսքով այս ընտրությունները ռազմական, քաղաքական, տարածաշրջանային բնույթի ոչ մի հարց չլուծեցին: Իսկ այդ խնդիրները կխորանան, թե ոչ, ցավոք, մեզանից կախված չէ:
Հասմիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)