Քաղաքական

Երիտասարդները քաղաքական դաշտում կամ ի՞նչ է նշանակում երիտասարդ քաղաքական գործիչ

Երիտասարդները քաղաքական դաշտում կամ ի՞նչ է նշանակում երիտասարդ քաղաքական գործիչ

Երիտասարդների համար քաղաքական աշխարհը խաղադաշտ է (նրանց խոսքն է), շուկա է, որտեղ հաջողությունն ու անհաջողությունը կախված են ուժից, ճարպկությունից, համառությունից: Մեծ մասամբ երիտասարդները ցանկանում են մտնել քաղաքականություն իրենց ներդրումն ունենալու և քաղաքական դաշտում փոփոխություններ կատարելու համար։ 

«Քաղաքականությունը գործունեության մի անպարագիծ շղթա է, որը գործում է պետության զարգացման համար»,- ասում է ԵՊՀ քաղաքագիտության բաժնի ուսանողուհի Իդա Համբարձումյանը:

Իդան կարևորում է, որ ինքն անմիջական կապ կարող է ունենալ հանրության հետ, հասկանալ ընդհանուր խնդիրները և ուժերի ներածին չափով գտնել լուծման ուղիներ։ Նրա խոսքով քաղաքական գործիչը պետք է լինի հայրենասեր, խելացի, պետականությանը նվիրված, ինչպես Արփինե Հովհաննիսյանը։ Իդան ներկայիս հայկական քաղաքական դաշտում կփոխեր ամեն ինչ՝ ամենաբարձր պաշտոնյաներից մինչև «վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդը»:

Ուսանողուհին ցանկացավ միայն Ռոբերտ Քոչարյանի գործունեության բնութագիրը տալ, ասում է, որ  «վերջին ժամանակներում երկրորդ նախագահը պատրաստակամություն հայտնեց հայությանը աղետից փրկելու և արժանացավ մարդկանց վստահությանը»:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողուհի Լիանա Ավագյանը երկրի շենացման գործում ցանկանում է ունենալ իր ներդրումը: Այս ոլորտում իրեն ավելի շատ գրավում են քաղաքական գաղափարախոսությունները, աշխարհընկալումները՝ տարբեր ու իրար հակասող տեսակետներով: Քաղաքականությամբ սկսել է հետաքրքրվել թավշյա հեղափոխությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի անձը բացահայտելուց և նրա որդեգրած քաղաքականությունը ընկալելուց հետո: «Բիզնեսը պետք է տարանջատվի քաղաքականությունից»,- ասում է Լիանան և հավելում, որ քաղաքականություն մտնելուց հետո թույլ չէր տա ԱԱԾ-ում ծառայություն անցած մարդկանց զբաղվել քաղաքականությամբ: Նրա խոսքով, կուսակցությունները պետք է հստակ կողմնորոշում ունենան, որպեսզի ընտրողը հենց սկզբից հասկանա, թե ինչպիսի քաղաքական տեսլական ունի տվյալ կուսակցությունը: Լիանան նաև կարևորում է երիտասարդ քաղաքական գործիչների մուտքը քաղաքական դաշտ, հավելելով, որ երիտասարդները իրենց հետ բերում են նոր գաղափարներ ու երկրի զարգացման համար նոր մտքեր:

«Քաղաքականության մեջ ինձ ոչինչ չի գրավում, և հիմնական նպատակը պետք է լինի ոչ թե ինչ- որ բանով հրապուրվելը, այլ աշխատելը, որպեսզի ունենանք հզոր հայրենիք և հզոր պետություն»,- ասաց ԵՊՀ քոլեջի ուսանողուհի Ձայնիկ Պետոյանը: Ձայնիկը կարծում է, որ առհասարակ որևէ մեկին չպետք է նմանվել, դրա պատճառով մեր պատմությունը երեսուն տարի է կրկնվում է: Նա նշում է, որ ՀՀ-ում քաղաքականություն ասելով՝ հասկանում են սպանդ, թալան, հայհոյանք, և հայկական քաղաքական դաշտում ամեն ինչ պետք է փոխել:

Ձայնիկին լրացնում է ընկերուհին՝ Լիլիթ Աբրահամյանը՝ նշելով, որ քաղաքականություն ասելով ինքը հասկանում է համերաշխություն, նվիրվածություն, փոխըմբռնում, հարգանք, որոնք, ցավոք, բացակայում են ներկայիս քաղաքականության մեջ: Լիլիթը նույնպես ցանկանում է մտնել քաղաքականություն՝ փորձելով ինչ-որ բանով օգնել իր երկրին: Ըստ Լիլիթի՝ երիտասարդ քաղաքական գործիչ է համարվում նա, ով իր գործունեությամբ է դա ապացուցում: Նա հույս ունի, որ ամեն ինչ լավ է լինելու, և կարևորը գործն է, ոչ թե խոսքը:  

«Քաղաքականության մեջ կարևորը ոչ թե տարիքն է, այլ այն ասելիքը, որը ունի անհատը: Երիտասարդ լինելը ամենևին էլ պարտադիր պայման չէ քաղաքականության մեջ հաջողության հասնելու համար: Պետք է անպայման ունենալ գիտելիքներ և հմտություններ, իսկ փորձը կգա տարիների հետ մեկտեղ»,- շեշտում է քաղաքագետ Արթուր Ադամյանը: Ադամյանը տպավորություն ունի, որ որևէ գործիչ դեռևս չի կարողանում նախ հասկանալ, թե իրականում ինչ ծանր իրավիճակում է հայտնվել Հայաստանը և երկրորդ՝ ինչպես պետք է դիմակայել այն անվտանգային մարտահրավերներին, որոնք ծառացած են մեր երկրի առջև ու գնալով ավելի խոցելի են դարձնում այն:

Ադամյանը կողմ է, որ երիտասարդները մտնեն քաղաքականություն, քանի որ գտնում է, որ գրագետ ու բանիմաց երիտասարդները նոր շունչ ու ավյուն կարող են հաղորդել քաղաքականությանը՝ այն դարձնելով առավել ռացիոնալ:

Լիլիթ Հովհաննիսյան (կամավոր թղթակից)