Քաղաքական

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է

«Զանգեզուրի միջանցքը» Իրանի համար կարմիր գիծ է

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին ԻՍՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված հարցերը չեն բխում տարածաշրջանի երկրների շահերից, և Իրանը կտրականապես դեմ է դրանց։

Ազիզին ենթադրել է, որ «կեղծ միջանցքի» հիմքում ընկած շարժառիթները ուղղված են տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորության նվազեցմանը:

Նա մատնանշել է, որ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեին թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի ղեկավարների հետ քննարկմանը հստակեցրել է, որ Իրանը կտրականապես դեմ է Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:

«Մենք բազմիցս տարբեր խողովակներով հայտնել ենք տարածաշրջանի երկրներին, որ այս միջանցքը կարմիր գիծ է Իրանի համար, և դրա հետ կապված ցանկացած փոփոխություն կամ գործողություն կարժանանա Իրանի լուրջ և հաստատակամ արձագանքին», — նշել է Էբրահիմ Ազիզին։

Բացի այդ, խորհրդարանի փոխնախագահ Ալի Նիկզադը թվիթ է հրապարակել՝ խորհուրդ տալով Ռուսաստանին և Ադրբեջանին հարգել միջազգային սահմանները։

«Իրանի ռազմավարական քաղաքականությունը սահմանների, հարևան երկրների և միջանցքների հետ կապված կայուն է և բխում է մեր ազգային շահերից: Ինչպես ես շեշտեցի վերջերս Բաքվում կայացած Խորհրդարանական վեհաժողովի ժամանակ, մենք չենք ընդունում սահմանների որևէ փոփոխություն: Ռուսաստանին և Ադրբեջանին իմ խորհուրդն է հարգել: այս սահմանները», — գրել է փոխնախագահ Ալի Նիկզադը սոցիալական մեդիայի X հարթակում:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)