Քաղաքական

Երկուշաբթի Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ

Երկուշաբթի Հայաստանն ու ԵՄ-ն երկխոսություն կսկսեն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը երկուշաբթի կայցելի Երևան՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար, ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակված հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ դրա համար Հայաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են սահմանների անվտանգությունը, միգրացիան,  ճանապարհորդության հետ կապված հիմնարար իրավունքների և ազատությունների հարգումը։

Եվրամիությունը Վրաստանի հետ վիզայի ազատականացման շուրջ բանակցությունները սկսել է 2012 թվականի հունիսի 4-ին։ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրը» Վրաստանին ներկայացվել է 2013 թվականի փետրվարի 25-ին։ Մոտ մեկ ամիս անց՝ մարտի 20-ին, Վրաստանը արդեն իսկ ներկայացրել էր «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագիրն» իրականացնելու համար ձեռնարկված միջոցառումները և հետագա քայլերը։ Գործողությունների ծրագրի առաջին զեկույցը Եվրահանձնաժողովը ներկայացրեց նույն տարվա նոյեմբերին։ Մինչև 2015 թվականը նմանատիպ 4 հաշվետվություն է ներկայացվել Եվրոպական խորհրդարանին ու Եվրոպական խորհրդին։ 

Առաջընթացի մասին վերջնական զեկույցը ներկայացվել էր 2015 թվականի դեկտեմբերին։ 2016 թվականի մարտի 9-ին Եվրահանձնաժողովը առաջարկել էր՝ ազատականացնել ԵՄ-Վրաստան վիզայի ռեժիմը։ Ու միայն 2017 թվականի մարտի 28-ին ուժի մեջ մտավ Վրաստանի հետ վիզայի ռեժիմն ազատականացնելու մասին որոշումը։ 

Այսպիսով, Վրաստանի և Եվրամիության միջև վիզաների ազատականացման ռեժիմը հաստատվել է դրա շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկից հինգ տարի անց։ Վրաստանում 2024 թվականի մարտի 14-ին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո մամուլում տեղեկություններ էին տարածվում, որ վիզաների ազատականացված ռեժիմը կչեղարկվի։ Սակայն հունիսին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել էր, որ Եվրամիության ու Վրաստանի միջև ազատականացված ռեժիմի չեղարկման հավանականությունը ցածր է։ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)