Սպորտ

«Վերլուծել ենք մրցակցի խաղը, պատրաստ ենք հանդիպմանը»․ Ալեքսանդր Պետրակով

«Վերլուծել ենք մրցակցի խաղը, պատրաստ ենք հանդիպմանը»․ Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի արտագնա հանդիպումից առաջ Սկոպյեում նախախաղային ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խոսել է 22 խաղ անընդմեջ գոլ բաց թողնելու մասին՝ նշելով, որ դժգոհ է այդ արդյունքից։

«Դժգոհ եմ, որ հավաքականն ամեն խաղում գոլ է բաց թողնում: Ղազախստանի դեմ ընկերական խաղի վերջնամասում ժամին էի նայում, հույս ունեի, որ գոլ բաց չենք թողնի, բայց կրկին չստացվեց դարպասն անառիկ պահել»:

Ուկրաինացի մասնագետն առանձնացրել է նաև մի շարք ֆուտբոլիստների՝ խոսելով նրանց մարզավիճակի մասին։

«Թիկնիզյանի հետ ամեն ինչ կարգին է, պատրաստ է վաղվա խաղին: Հարոյանի վերաբերյալ կասեմ, որ շատ ուրախ եմ հավաքականում նրա նման ֆուտբոլիստ ունենալու համար: Թիմում նրա կատարած աշխատանքը մեծ է, փորձառությամբ օգնում է երիտասարդներին: Նույնը կարող եմ ասել նաև Կամո Հովհաննիսյանի մասին, նա Հարոյանից մեկ խաղ է քիչ անցկացրել հավաքականում: Փորձառու ֆուտբոլիստների առկայությունը հավաքականում չափազանց կարևոր է:

Բիչախչյանի համար շատ ուրախ եմ, որ լավ մարզավիճակում է: Հունիսին զրուցել եմ նրա հետ, ինչը դրական ազդեցություն է ունեցել:

Սերոբյանն ու Շաղոյանը լավ հանդես եկան Լատվիայի դեմ խաղում, դժգոհություններ չունեմ»:

Պետրակովը ընդգծեց նաև մրցակցի՝ Հյուսիսային Մակեդոնիայի բարձր որակները։

«Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը բարձր որակներ ունեցող թիմ է: Վերլուծել ենք մրցակցի խաղը, դիտել ենք նրանց հանդիպումները: Պատրաստ ենք հանդիպմանը»:

Այսօր Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C ենթախմբի երկրորդ տուրում կմրցի ՀյուսիսայիՆ Մակեդոնիայի դեմ։ Հանդիպման մեկնարկը՝ 22։45-ին։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով