Թբիլիսին կարող է Հայաստանի հետ կիսվել ԵՄ-ին ինտեգրվելու իր փորձով
Թբիլիսին կարող է Հայաստանի հետ կիսվել ԵՄ-ին ինտեգրվելու իր փորձով
Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է Երևանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը։ Այս մասին հայտնում է Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը։
«Նիկոլոզ Սամխարաձեն ևս մեկ անգամ նշել է, որ վրացական կողմը պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և օգնել Հայաստանին՝ կիսելով ԵՄ-ին ինտեգրվելու իր փորձը»,- նշվել է ուղերձում։
Հիշեցնենք, որ Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին հունիսի 20-ին հայտարարել էր, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո ԵՄ-ին Թբիլիսիի անդամակցության գործընթացը գործնականում դադարեցվել է։
«Այս օրենքի ընդունումը բացասական ազդեցություն ունեցավ և, իմ կարծիքով, սառեցրեց Վրաստանի եվրաինտեգրումը։ Որովհետև, ինչպես գիտեք, Եվրամիությանն ինտեգրվելը պահանջում է միաձայնություն, և դուք բոլորդ արդեն լսել եք մի քանի անդամ երկրների հրապարակային հայտարարությունները, որ նրանք չեն սկսի բանակցություններ Վրաստանի անդամակցության շուրջ, եթե այս օրենքը մնա ուժի մեջ»,- ընդգծել էր Գերչինսկին։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)