Քաղաքական

Փաշինյանը հայտարարել է ստորագրել խաղաղության պայմանագիր արդեն համաձայնեցված դրույթներով

Փաշինյանը հայտարարել է ստորագրել խաղաղության պայմանագիր արդեն համաձայնեցված դրույթներով

«Երևանյան երկխոսություն» խորագրով համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ պատրաստ է Հայաստանը այս պահին համաձայնեցված փաստաթղթերի հիման վրա պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ՝ հավելելով, որ 13 հոդված և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված է։ 

Փաշինյանը նաև ընդգծել է հայկական կողմի և անձամբ իր պատրաստակամության մասի առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը։

«Դուք վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում։ Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդված և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդված, որոնք հիմնականում բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են։

Եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ։ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային, հիմնարար դրույթները, առաջարկում է վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները։

Հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների, մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես, և ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»,- մանրամասնել է Փաշինյանը։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով