Փաշինյանն ընդունել է Իրաքի դաշնային Գերագույն դատարանի նախագահին
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդիի գլխավորած պատվիրակությանը»,- հողորդում է ՀՀ կառավարությունը։
Վարչապետն անդրադարձել է Իրաքի արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանը, Հայաստան Իրաքի նախագահի այցին, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումներին և երկկողմ հարաբերությունների դինամիկ բնույթին:
«Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ տնտեսական կապերը զարգանում են այնտեղ, որտեղ կա արդարադատություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը խոսել է Հայաստանի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցության հետևողական զարգացումից և երկու երկրների միջև փոխհարաբերություններում Իրաքի հայ համայնքի դերի մասին։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ընդունել էր Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահին։ Խոսվել էր երկկողմ հարաբերություններից և տարածաշրջանային զարգացումներից։