Պետք է համախմբվել և կանխել այս վտանգավոր գործընթացը․ Մենուա Սողոմոնյան
Պետք է համախմբվել և կանխել այս վտանգավոր գործընթացը․ Մենուա Սողոմոնյան
Նոյեմբերի 21-ին քաղաքական ու հասարակական մի շարք գործիչներ հայտարարեցին «ազատագրական շարժման» մեկնարկի մասին՝ պահանջելով հրապարակել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանագծմանն ու սահմանազատմանը վերաբերող փաստաթուղթն ու պատշաճ զինել առաջնագիծը։ Եվ արդեն մեկ շաբաթ է՝ շարժման նախաձեռնողներն ու նրանց միացած քաղաքացիներն իրենց պահանջը լսելի դարձնելու համար բողոքի ակցիաներ են իրականացնում Երևանում և ամենօրյա հավաքներ Հանրապետության հրապարակում։
«Ազատագրական շարժման» պահանջների, հասարակության արձագանքի ու հնարավոր զարգացումների մասին ditarkum.info-ն զրուցել է շարժման նախաձեռնող խմբի անդամ, «5165» շարժման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանի հետ։
— Պարոն Սողոմոնյան, Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հավաքներին բազմիցս շեշտվել է, որ որքան շատ մարդ դուրս գա հրապարակ, այնքան հեշտ կլինի ստիպել, որ հրապարակվի ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրվելիք փաստաթուղթը։ Սթափության կոչերից բացի, հասարակական ճնշումը մեծացնելու ի՞նչ միջոցներ եք տեսնում։
— Փորձում ենք մեր հնարավորությունների ներածին չափով հանրության ուշադրությունը հրավիրել այս կարևորագույն հարցի վրա։ Սահմանագծման ու սահմանզատման վերաբերյալ մեր անհամաձայնությունը հայտնում ենք նաև փողոցներ փակելով։ Դա, իհարկե, կարճ է տևում, քանի որ ոստիկաններն արագ ցրում են մեր բողոքի ակցիաները․․․ Խնդիրն այն է, որ քաղաքական ուժերը չեն համախմբվում, մինչդեռ այս հարցի շուրջ հանրային շատ լայն կոնսոլիդացիա պետք է ապահովվի։ Ցավալի է, բայց փաստ՝ մարդիկ հաճախ առաջնորդվում են ոչ թե այն սկզբունքով, թե ինչ ես ասում, այլ՝ թե ով է ասում։ Այն մարդիկ, քաղաքական ուժերի ներկացուցիչները, ովքեր այս օրակարգը բարձրացրել են, իհարկե, ունեն որոշակի թվով համակիրներ, հետևորդներ, բայց եթե այլ քաղաքական ուժեր ևս միանան այս պահանջին, ավելի արդյունավետ կլինի պայքարը։ Պետք է համախմբվել ու կանխել այս վտանգավոր գործընթացը, այլապես, շատ հնարավոր է, որ Արցախի հարցը ոչ հայամետ լուծում ստանա։
— Շարժման սկզբից ևեթ հայտարարվել է, որ այն ազատագրական ու վերկուսակցական շարժում է։ Իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչներից ստացե՞լ եք շարժմանը միանալու ազդակներ։ Ո՞ր պարագայում այս կամ այն քաղաքական թևի ներկայացուցիչը կարող է կանգնել հարթակում կանգնածներիդ կողքին։
— «Ազատագրական շարժում»-ը ձևավորել է մի քաղաքական ուժի և մի քանի անհատների խորհրդակցությունների արդյունքում։ Մենք՝ որպես «5165» շարժման ներկայացուցիչներ, հայտարարել ենք, որ ցած ենք դնում կուսակցական դրոշը և այսօր այս հարթակի վրա ենք։ Հիմա խորհրդակցություններ են ընթանում մի քանի ուժերի հետ։ Այստեղ չի կարելի ճաշակներով առաջնորդվել, կարևորագույնը Արցախի կարգավիճակի հարցն է։ Հիմնավոր կասկածներ ունենք, որ այդ գործարքով Հայաստանը հրաժարվելու է, մի կողմ է քաշվելու Արցախի կարգավիճակի հարցից։ Դա թույլ չտալու համար անհրաժեշտ է շատ արագ համախմբվել։ Այս իշխանության ապամոնտաժման օրակարգն է, որ մեզ տանելու է բոլոր ուժերի հետ խորհրդակցությունների։ Նորից եմ շեշտում, եթե արագ կոնսոլիդացում չեղավ, ապա հնարավոր է անդառնալիորեն ցավալի կորուստներ ունենանք։
— Այն, որ համախմբումն այս անելանելի վիճակից դուրս գալու կարևոր պայման է, բազմիցս է շեշտվել։ «Ազատագրական շարժման» նախաձեռնողներն ինչպե՞ս են պատկերացնում դա։
— Առաջին հերթին՝ այդ մասին անընդհատ պետք է խոսել, դրա կարևորության մասին բարձրաձայնել։ Գուցե շարժման մարտավարության մեջ թերություններ կան, ամեն ինչ իդելական չի կարող լինել։ Մյուս կողմից էլ կան մարդիկ, որ կասկածանքով են վերաբերում այս շարժմանը, քննադատում են։ Այդ ամենը դժվարացնում է համախմբումը։ Յուրաքանչյուրը սպասում է, թե երբ է լցվելու հրապարակը, որ ինքն էլ գա։ Ցավոք, չկա այն գիտակցումը, որ եթե ես ունեմ պահանջ և ուզում եմ, որ պահանջը բավարարվի, պետք է վեր կենամ ու գնամ կանգնեմ այդ պահանջը հնչեցողների կողքին և ինքս ավելացնեմ հրապարակում կանգնածների թիվը։
— Վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդին ոտքի հանելու մի քանի փորձեր են եղել։ Թվում էր, թե փողոց դուրս գալու բոլոր նախադրյալները կան ու անգամ առանց կոչերի հազարավոր քաղաքացիներ պետք է ողողեին փողոցները, բայց փողոց դուրս եկողները, միանշանակ, քիչ էին։ Դրա պատճառներն ուսումնասիրե՞լ եք։
— Մասնագիտորեն, կոնկրետ ես, չեմ ուսումնասիրել, բայց դրա ամենակարևոր պատճառը, իմ համոզմամբ, այն խորը հիասթափությունն ու հուսալքությունն է, որ մարդիկ ունեցան 2018 թվականից հետո։ 2018-ի ոգևորությանը հաջորդած այս ողբերգությունը կոտրեց ուժեղ ոգի ունեցող և հաղթող ժողովրդին։ Այդ հուսալքումն ու բարոյալքումը հնարավոր է հաղթահարել նորից համախմբվելով։
— Ինչպե՞ս կարող եք հասնել նրան, որ հասարակության լայն շերտերը գիտակցեն, որ ստեղծված վիճակում ազգային օրակարգի խնդիրները գերակա են մյուս բոլոր՝ այդ թվում սոցիալական խնդիրներից։
— Ցավոք, տասնամյակների ընթացքում մեր ժողովրդին գաղափարական հենքի վրա չեն դրել, գաղափարական ուղով չեն տարել։ Արդյունքում առաջացել է աժեքային վակուում։ Միակ արժեքը դարձել է նյութը, հայրենիքն ու ազգային հիմնախնդիրները ստորադասվել են նյութականին։ Այս վիճակը փոխելու համար երկար ժամանակ կպահանջվի, բայց, միանշանակ, ներկա իշխանություններից նման սպասելիք պետք չէ ունենալ։ Նրանց պետք է հենց նյութականը կարևորող հասարակություն։
Այս իրավիճակում անհրաժեշտ է, որ գոնե հեղինակություն ունեցող մարդիկ, կարող ուժերը տարբեր ձևաչափերով արթնացնեն ժողովրդին։ Հույսս նաև երիտասարդություն է։ Նրանք շատ բան կարող են փոխել, շատ։
— Դիցուք՝ հրապարակվում է փաստաթուղթը, և պազվում է, որ Արցախի ու Սյունիքի հետ կապված մտավախությունները տեղին էին։ Ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
— Երբ փաստաթուղթը հրապարակվի, պարզ կդառնա, թե որոնք են Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերը, թե ինչ է նա պատրաստ զիջելու, ինչը՝ չէ։ Եթե հրապարակվում է փաստաթուղթը, և ժողովուրդը տեսնում է, որ սահմանազատման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կտրվում է Արցախից, այսինքն՝ Արցախը մնում է սահմանից այն կողմ, ճանաչվում է Ադրբեջանի տարածք, ու դրանից հետո ժողովուրդը շարունակի նստել տանն ու սուրճ խմել, մոլերում շոր առնել, ուրեմն մենք արժանի չենք պետականություն ունենալու։ Դա, իհարկե, շատ դառը կլինի ու մեծ հարված առողջ ուժերին ու անհատներին։ Կոնկրետ ինձ համար անձնական մեծ ողբերգություն կլինի։
— «Ազատագրական շարժման» ընդլայնման և հանրապետության այլ համայնքներ հասնելու հնարավորությունների մասին ի՞նչ կարող եք ասել։
— Փորձում ենք դա էլ անել։ Ճիշտ է, եղանակները ցրտում են, ինչն էլ բացասաբար է ազդում շարժման ծավալման վրա, բայց այլ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին ևս փորձելու ենք ներգրավել մեր պայքարի մեջ։
Լիլիթ Պողոսյան (թղթակից)