Սպորտ

Հայկական սպորտը անկախությունից առաջ ու հետո․ Օլիմպիական խաղեր

Հայկական սպորտը անկախությունից առաջ ու հետո․ Օլիմպիական խաղեր

Անկախությունից հետո հայկական սպորտը փոխվել է։ Այս ընթացքում մենք ունեցել ենք օլիմպիական չեմպիոններ, անհատական մարզաձևերում տոնել ենք Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնություններ, թիմային մակարդակում հպարտացել ու շարունակում ենք հպարտանալ հայ գրոսմաստյերներով։ Սակայն, անկախությունից առաջ ու հետո հայկական սպորտը զգալի տարբերվում է․ ինչո՞ւ։

ԽՍՀՄ տարիներին Հայաստանը տասն անգամ է մասնակցել օլիմպիական խաղերին, ու ինը մարզիկ դարձել է օլիմպիական չեմպիոն, իսկ անկախությունից հետո ութ օլիմպիական խաղերում մենք ունենք ընդամենը հինգ օլիմպիական չեմպիոն։ Սակայն, հատկանշականը այն է, որ հինգ օլիմպիական չեմպիոններից միայն մեկն է անկախ սերնդից (Արթուր Ալեքսանյան, ըմբշամարտ, 2016 թ․), մյուսների մարզական «դարբնոցը» եղել է ԽՍՀՄ-ը։ Եթե դիտարկենք ԽՍՀՄ հայ օլիմպիական չեմպիոններին, նկատում ենք, որ նրանք դարձել են օլիմպիական չեմպիոն վեց տարբեր սպորտաձևերում, իսկ անկախությունից հետո չեմպիոնական մարզաձևերի սահմանը նեղացավ։ Հինգ օլիմպիական չեմպիոններից երեքը (Մնացական Իսկանդարյան, Արմեն Նազարյան, Արթուր Ալեքսանյան) հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ են, Հրաչյա Պետիկյանը՝ հրաձիգ, իսկ Իսրայել Միլիտոսյանը՝ ծանրամարտիկ։ 

Այս ամենի պատճառը, գուցե, այն է, որ 90-ականներին Հայաստանում առաջացավ սպորտային խոր ճգնաժամ։ Անվանի մարզիկներ՝ ի դեմս Արմեն Նազարյանի, ով 1996 թվականին Ատլանտայում դարձավ օլիմպիական չեմպիոն, տեղափոխվեցին այլ երկրներ, քանի որ կար այդ ժամանակ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական խնդիրներ, որոնք բացասաբար անդրադարձան նաև սպորտի վրա։ Մարզիկները ունեին դժվարություններ ոչ միայն պարապմունքի գնալու, այլև մրցաշարերին մասնակցելու։ Սրա հետևանքով մենք շուրջ 20 տարի օլիմպիական չեմպիոն չունեցանք։ Խնդիրներից մյուսը, հնարավոր է, այն էր, որ չկար մարզչական այն կորիզը, որը մինչ այդ փոխանցում էր իր փորձն ու գիտելիքները, մարզադպրոցները ժամանակի ընթացքում (որոշ մարզադպրոցներ մինչ այսօր) չէին թարմացվում նոր մարզագույքով, չկային խթանող առաջարկներ մարզիկների համար, մարզչական նոր դպրոց էր հարկավոր ու հովանավորություն՝ մրցաշարերին մասնակցելու։

Վերջին տարիներին հայկական սպորտը փորձում է զարգանալ։ Հավատում ենք, որ գալիք օլիմպիական խաղերին մենք կտոնենք օլիմպիական չեմպիոնություններ։ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)