Հայաստանը և ԵՄ-ն սկսում են վիզայի ազատականացման երկխոսությունը
Հայաստանը և ԵՄ-ն սկսում են վիզայի ազատականացման երկխոսությունը
Հուլիսի 22-ին Եվրոպական միության խորհրդի՝ արտաքին գործերի նախարարները որոշումներ են կայացրել՝ մեկնարկելով Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսությունը։ Սրա մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա»,- ասել է Միրզոյանը։
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ «Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի տեսանկյունից սրանք շրջադարձային որոշումներ են, որոնք ՀՀ-ԵՄ հարաբերությունները բարձրացնում են որակապես նոր մակարդակի»։
Օլիվիե Դեկոտինյին, ով Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն է, գրառում է արել X-ում․ «Եվրամիությունը Հայաստանի հետ սկսում է երկխոսություն վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Հայ ժողովրդի ձգտումը դեպի Եվրոպա արտացոլող կարևոր քայլ։ Գնդակն այլևս Հայաստանի դաշտում է, որը պետք է համապատասխանի եվրոպական չափորոշիչներին»։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)