Գոռ Սահակյան․ «Հաղթանակս նվիրեցի եղբայրներիս և 44 օրյա պատերազմի մեր մյուս տղաներին»
Գոռ Սահակյան․ «Հաղթանակս նվիրեցի եղբայրներիս և 44 օրյա պատերազմի մեր մյուս տղաներին»
Ditarkum.info-ն զրուցել է ծանրամարտի Եվրոպայի առաջնության հաղթող, 19-ամյա Գոռ Սահակյանի հետ։
— Ծանրամարտի քո ճանապարհը փոքր, բայց հաստատուն քայլերով քեզ բերեց Եվրոպայի մեծահասակների առաջնություն։ Վերջին շրջանում մի շարք հաղորդումների հյուր էիր, տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ ես տվել։ Դժվար չէ՞ քեզ համար լինել այդքան ճանաչված, միևնույն ժամանակ մնալ այնպիսին, ինչպիսին կաս։
— Ոչ այնքան դժվար է, որքան հպարատանալու առիթ, որ բոլորը քեզնով հետաքրքրվում են, ինքդ քեզ լավ ես զգում, որ ազգիդ պատիվը բարձր ես պահել, լավ ես ներկայացրել ազգիդ։
— Քեզ օգնում, թե խանգարում է հայտնիությունը։
— Անկեղծ ասած՝ չեմ սիրում, երբ այդ բառն են օգտագործում (ժպտում է)։ Ես մարդ եմ, ով իր անցած ճանապարհով յուրաքանչյուր հայի հպարտանալու, ժպտալու առիթ է տվել։
— Քեզ համար շատ կարևոր էր նաև 2021 թ. սեպտեմբերի 27-ին Ֆինլանդիայում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը, որտեղ ևս նվաճել էիր ոսկե մեդալ։ Մրցակիցներդ ևս լավ էին պատրաստվել։ Ի՞նչն էր քեզ ոգեշնչում այդ ելույթի ժամանակ։ Դու պատվո հարթակին հատուկ շապիկով էիր բարձրացել։ Կխնդրեմ պատմես՝ ինչքանո՞վ էր այդ ելույթդ կարևոր քեզ համար, ի՞նչ զգացողություններ ունեիր։
— Ճիշտ եք, այս մրցմանը թե՛ ես, թե՛ մրցակիցներս շատ լավ էինք պատրաստվել։ Պատերազմից անցել էր մեկ տարի, և պատասխանատվությունս ավելի ու ավելի մեծ էր։ Փառք Աստծո, կարողացա հենց ես դառնալ չեմպիոն։ Հաղթանակս նվիրեցի եղբայրներիս և 44 օրյա պատերազմի մեր մյուս հերոս տղաներին․ այսպես էի փորձում հանել իմ վրեժը։
— Եվրոպայի մեծահասակների առաջնությանը ևս երկար էիր պատրաստվել։ Սպասելիքներդ արդարացվա՞ծ էին, թե՞ այնուամենայնիվ կար քայլ, որը չարեցիր։
— Ընդհանրապես յուրաքանչյուր մրցման շատ լուրջ եմ պատրաստվում։ Այս մրցումն ավելի կարևոր էր նրանով, որ հյուրընկալող երկիր էինք ու սխալվելու իրավունք չունեինք։ Շատ երկար ժամանակ էի պատրաստվել, և արդյունքը մենք տեսանք արդեն։ Իհարկե, ունեի տեխնիկական սխալ, որի պատճառով չկարողացա բարձրացնել այն քաշը, որը նախապես աահմանել էի։ Դրանք հաշվի եմ առել արդեն հետագա մրցումներիս համար։
— Ի՞նչն է ավելի դժվար՝ պարապմունքնե՞րդ, թե՞ հենց մրցույթը, որովհետև լինում են պահեր, երբ դու ավել քաշ ես բարձրացնում։
— Երբեք չեմ մտածում կիլոգրամների մասին։ Առաջին հերթին պետք է դու ինքդ քեզ հոգեբանորեն պատրաստես, որովհետեւ գալիս է մի պահ, որ դու քո պարապմունքից դուրս պետք է ավել քաշ բարձրացնես, ու դա կարևոր է քեզ համար։ Առաջին անգամն էին ինձ հետ մեծահասկաների մարզիչներ աշխատում, ու շատ կարևոր էր, որ նրանց հույսերը արդարացնեի։
— Առաջնությունից հետո արագ վերականգնել ես մարզումներդ և առաջիկայում քեզ համար կարևոր երկու մրցույթներ կան, սեպտեմբերի 2-ից աշխարհի առաջնությունն է։ Ի՞նչ ակնկալիքներ ունես այս մրցույթից, ինչպե՞ս ես պատրաստվում։
— Այն վարկանշային մրցում է օլիմպիական խաղերի համար։ Եթե որոշում եմ մասնակցել այս կամ այն մրցմանը, ուրիշ ոչ մի բանի մասին չեմ մտածում, գերլարում եմ ուժերս տվյալ մրցույթի համար։ Չեմ թերագնահատում և ոչ էլ գերագնահատում թե՛ ինձ, թե՛ մրցակիցներիս։ Առաջնության հաջորդ իսկ օրվանից պարապմունքներիս վերադառնալը հենց այս կարևորության մասին է խոսում։
— Քո առօրյան շատ հագեցած է մարզումներով։ Հաճախ երկարաժամկետ բացակայում ես ընտանիքիցդ։ Դժվա՞ր է հաճախ բացակայել ընտանիքիցդ և լինել ակտիվ շարժի մեջ։
— Շատ դժվար է իրականում։ Ուղղակի եթե ունես նպատակ պետք է գնաս քո նպատակը։ Կյանքում ոչ մի հաջողություն հեշտ չի տրվում։
— Ո՞րն է քո մոտիվացիան թե՛ ծանրամարտում, թե՛ կյանքում։
— Հավատ դեպի քո նպատակը, քո ուժերին, սերը դեպի Աստված։ Ես իմ նպատակները, երազնաքները Աստծուն եմ հանձնել ու պայքարում եմ Աստծո հավատով։ Կարծում եմ, ով հավատում և վստահում է իր գործերը Աստծուն, կհաջողի։
— Ի՞նչ հատկանիշներով կբնութագրես քեզ որպես ծանրամարտիկ։
— Պատասխանատվությամբ, Աստծո նկատմամբ իմ հավատով առաջին հերթին։
— Քեզ ավելի շատ հաղթանակներն են ուժեղացնո՞ւմ, թե՞ պարտությունները։ Ինչպե՞ս ես ընդունում դրանք։
— Եթե պարտվել ես, ուրեմն դու ես մեղավոր։ Պարտությունը ինձ համար հնարավորություն է ավելին անելու, հասկանալու ու առաջիկայում շտկելու սխալներս, իսկ հաղթանակը պատասխանատվություն է, որ քեզ ավելի առաջ պետք է տանի ամեն մի քայլում։ Դու դրանից հետո կամա թե ակամա պետք է առաջ գնալու մասին մտածես։ Հետ քայլ չկա։ Միշտ աշխատելու տեղ ունեմ, ավելին անելու համար, երբեք չեմ սահմանափակվում ինչ-որ բանով։
— Ի՞նչ խորհուրդ կտաս այն մարդկանց, ովքեր նոր են փորձում մուտք գործել ծանրամարտ։
— Թե՛ ծանրամարտում, թե՛ մեկ այլ սպորտում եթե նպատակ ունես, միշտ պետք է հասնես այդ նպատակին, երբեք չհանձնվես ու հետ չնայես։
— Ինչո՞վ ես առաջնորդվում կյանքում։
— Կյանքում՝ հավատով, ծանրամարտում՝ խորհուրդներով։ Երբեք չեմ կորցնում հավատս, իսկ ծանրամարտում մարզիչներիս խորհուրդները շատ մեծ նշանակություն ունեն ինձ համար։
— Ո՞րն է ծանրամարտում քո ճանապարհի գագաթնակետը։
— Ամեն սպորտի նպատակը մեկն է՝ օլիմպիական խաղերը։ Ինձ համար չկա այսպիսի սահմաափակումներ։ Ինչին կհասնեմ հետագայում, կլինի Աստծո կամոք։ Ժամանակը ցույց կտա դեպի ուր և որ ճանապարհով կգնամ։
Հարցազրուցավար՝ Ալինա Հայրապետյան
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)