Տնտեսական

Իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի

Իրանական գազի արտահանումը Հայաստան կկրկնապատկվի

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ շուտով իրանական գազը դեպի Հայաստան կկրկնապատկվի։

Իրանական SNN գործակալությանը տված հարցազրույցում դեսպանը նշել է, որ առաջիկայում շահագործման կհանձնեն Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը․ «Մեր հաջողություններից մեկը երկու երկրների միջև գազի և էլեկտրաէներգիայի պայմանագրի երկարաձգումն էր մինչև 2030 թվականը։ Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաև, մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»։ 

Դեսպանը խոսել է նաև Հայաստան-Իրան հարաբերությունների մասին՝ նշելով, որ երկու երկրների հարաբերությունները միշտ դրական են եղել և այդպես էլ կշարունակվի․ «Շուրջ մեկ տարի է, ինչ Երևանում եմ, և այս ընթացքում կարողացել ենք զգալի առաջընթաց գրանցել Իրանի և Հայաստանի հարաբերություններում։ Հայաստանը մեր հարևաններից է և մեզ հետ 46 կմ սահման ունի, որն ամենաանվտանգ սահմաններից է։ Մեր պատմական հարաբերությունները հայերի հետ եղել են շատ դրական և հստակ, և Հայաստանի անկախացումից ի վեր համագործակցության գործընթացը միշտ աճում է»։

Սոբհանին խոսել է նաև Հայաստանի հետ կնքած ամենամեծ պայմանագրի մասին, որը կնքվել է 2023 թվականին․ «Սույն պայմանագիրը Հայաստանի հարավային հատվածում Ագարակ-Քաջարան ճանապարհի կառուցման համար է, որը գտնվում է հյուսիս-հարավ միջանցքի երթուղու վրա։ Այս նախագիծն արժե 212 մլն դոլար և մեծապես նպաստում է Իրանի տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանմանը Հայաստան։ Սա ճանապարհը 1 ժամ 20 րոպեից նվազեցնում է 20 րոպեի, իսկ ճանապարհի լայնությունը 6 մետրից դառնում է 17 մետր, ինչը շատ օգտակար է անվտանգության և արագության առումով։ Ունենք նաև այլ փոքր ծրագրեր՝ 36 միլիոն դոլարի ներդրումներ Հայաստանի տարբեր վայրերում։ Առևտրի ոլորտում կարողացել ենք Հայաստանի հետ առևտուրը 200 միլիոն դոլարից հասցնել 711 միլիոն դոլարի»։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)