Քաղաքական

Ողբերգություն անհետ կորած, անմահացած զինվորների տան անկյունում

Ողբերգություն անհետ կորած, անմահացած զինվորների տան անկյունում
Զավակին կարոտ հայ մայրերը այս իրականությունում չեն կարող ապրել։ Պատերազմից 8 ամիս է անցել, բայց տղաները դեռ անհետ կորած են համարվում։ Իրենց զավակներին փնտրող ծնողները պետական դռներ են թակել, բայց մինչև օրս ոչ մի պատասխան չեն ստացել։
Գիշերվա մղձավանջից, որդու պատկերը երազների մեջ անդադար որոնելուց հետո, առավոտյան աչքերը բաց անելով, տիկին Նաիրան շտապում է 18-ամյա Ժիրայրի սենյակը՝  նրա անկյունը։ Մոր ականջներում անընդհատ տղայի խոսքերն են, որ խոստացել էր վերադառնալ։
«Ես չեմ հավատում, որ ինքը տուն պիտի չգա, ինչ գնով էլ լինի ինքը տուն պիտի գա։ Ոչ մի հրամանատար իրենց կողքին չի եղել, իրենք մնացել են մենակ մի սպայի հույսին. բոլորը փախել են հենց նույն վայրկյանին: Իրենք շրջափակման մեջ են եղել հոկտեմբերի 3-ից 8-ը Ջաբրայիլում, հետո, որ ասում էին երեխաները գտնվել են ողջ-առողջ, էդ խմբի մեջ է եղել ինքը»,- ասում է Նաիրա Մարգարյանը։
Նրա խոսքով հոկտեմբերի 15-ին տղան ընկել է շրջափակման մեջ ու դրանից հետո ոչ մի լուր չկա նրանից։ Մարգարյանները պնդում են, իրենց առաջնեկին  պետք է ողջերի մեջ փնտրել, իրենց մինուճար որդին ողջ է վերադառնալու:
Անհետ կորած զինվորի մայր Մարինե Մանվելյանը պնդում է, որ որդու՝ Աշոտի հետ սրտով է կապված, դրա համար պատերազմի առաջին օրվանից զգացել է որդու ցավը, դժոխքի միջով անցնող նրա տառապանքը, բայց ո՛չ կորուստը:
«Արդեն երկար ժամանակ է Աշոտիս հետ գիշերը խոսում եմ, երազումս հայտնվում է ու ասում՝ ինքը որտեղ է։ Աշոտս Աստծո իմ փոքր պարգևն է, ու ես առավել քան վստահ եմ, որ նա տուն է վերադառնալու»,- արցունքոտ աչքերով պատմում է Մարինեն։
Հոկտեմբերի թեժ մարտերի ժամանակ Աշոտը զինակից- ընկերոջ հետ վիրավորվել է։ Աշոտը՝ ձախ, ընկերը՝ աջ ազդրից: Վիրավորներին դուրս են բերել անտառից, սակայն, մինչ բուժօգնության հասնելը, թշնամին նորից է սկսել հրթիռակոծությունը: Այդ ժամանակ հետ նահանջելով՝ հրամանատարն էլ է վիրավորվել: Մարինեի խոսքով՝ ծանր, բայց ոչ մահացու վիրավորված որդին և երկու ընկերները մնացել են անտառի եզրին։ Ու այդ պահից Աշոտի  ճակատագիրն անհայտ է։
Նաիրան էլ, Մարինեն էլ գիշերը մթնեցնում են, օրը լուսացնում են որդիներին գտնելու, նրանց սրտի գաղտնիքն իմանալու, նպատակների մասին լսելու և  դրանք իրագործելիս նրանց թև ու թիկունք դառնալու հույսով: Ամեն բացվող օրվա հետ ժամանակը խորացնում է նրանց  վերքը, անորոշությունը բաց վերքերի վրա աղ է լցնում, սակայն նրանց հույսը չի մարում․ որդիների վերադարձին գգված՝ ապրում են:
Այս իրականությանը զուգահեռ՝ որդու շիրմի մոտ նստած, ճերմակախառն մազերով, սևազգեստ մոր կերպարանքն է, ում սրտում, մտքում, գրկում միշտ ողջ է իր զավակը: Մայր, ով իր զավակի զնգացող ծիծաղը չի լսում, բայց ներսում պահել է դրա հիշողությունը:
Տիկին Նինան որդու՝ Սամադի մասին խոսելիս ժպտում էր: Նրա մասին պատմելու ժամանակ տպավորություն էր ստեղծվում, որ խոսում էր կենդանի մարդու մասին: Սակայն այդ ժպիտը կարճ էր տևում։
 «Իմ տղան շատ ուժեղ էր, ոնց որ իր ուժերը հավաքած լիներ պատերազմի համար։ Իր ուժի, հաղթանդամությունից ելնելով՝ մտավախություն չունեի, որ դժվար կծառայի, բայց ում մտքով կանցներ, որ նման պատերազմ պիտի սկսվեր»,-ասում է տիկին Նինան, խորը շունչ քաշում, ապա մրմնջում․ «Հոտիդ կարոտ մնացի, բալե՜ս»:
Սամադը մահացել է նոյեմբերի 6-ին։ Արտաքինից հաղթանդամ տղան տարեկիցներից մեծ էր երևում։ Այդ է եղել պատճառը, որ հիվանդանոցում նրա տվյալների դիմաց լրացրել էին․  «մոտ 30 տարեկան անհայտ զինծառայող»:
Ժամկետային զինծառայող Նարեկն ու նրա երկու ընկերները զոհվել են 2020թ․-ի հոկտեմբերի 24-ի լուսաբացին ԱԹՍ-ի հարվածից։
Տղայի մոր` Նանո Հակոբյանի մոտ երկակի զգացողություն է. երբ խոսում է Նարեկի մասին, կարոտից ժպտում է, բայց հիշելով զոհվելու փաստը` աչքերն անմիջապես թրջվում են: Անկեղծանում է` մինչեւ հիմա չի հավատում, որ տղան չկա, սպասում է Աստծո հրաշքին, հուսահատված ուղղվում Եռաբլուր, շտապում  Նարեկի անկյունը` նրա նկարի հետ անձայն զրուցելու:
Եռաբլուրում ամեն օր, ամեն վայրկյան ավելի շատ մարդ կա, քան Երևանի ամենաբանուկ կենտրոնում: Դպրոցական նստարանից պատերազմ գնացած, մանկությանը դեռ հրաժեշտ չտված, իր ներսի չարաճճի մանկանը մի ակնթարթում սպանած ու թուրք վարձկանի դեմ առնական զինվոր դարձած տղաները հիմա այնտեղ են։
Եռաբլուրը միավորել է բախտակից ծնողներին, նրանց սրտերն ու հոգիները նույնացրել է, հարազատ դարձրել: Երկնքում հիմա լավագույններն են թագավորում, իսկ ներքևում նրանց հարազատները լավագույններին կորցնելու ցավից խելագարվում են:

Հասմիկ Ավետիսյան (կամավոր թղթակից)