«Արմաթն օդում» ծրագրի շրջանակում շարունակվում է նոր աշխատանոցների բացումը։ Փետրվարի 17-ին Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այն հիմնադրվել է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների հովանավորությամբ։ Աշխատանոցի բացմանը ներկա են եղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։ Ըստ Բեգլարյանի՝ առաջիկայում նախատեսվում է նման աշխատանոցներ բացել նաև Արցախի այլ դպրոցներում, ինչին կաջակցի նաև կառավարությունը։ «Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումով, գիտելիքներով ու նպատակներով» ,- ասել է Բեգլարյանը:
Դասընթացը լինելու է մեկ տարի՝ 255 դասաժամով։ Գործելու է 2-3 խումբ։ Արցախցի պատանիները հնարավորություն կունենան ծանոթանալու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման աշխատանքներին, դրանց կառավարման առանձնահատկություններին։
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն էլ վստահ է, որ այս դասընթացները մեծ գիտելիքներ կտան և լայն հնարավորություններ կբացեն երիտասարդների համար թե՛ պատերազմական, թե՛ խաղաղ ժամանակներում։