Գիտակրթական

Փոքր համայնքներում մեծ փոփոխություններ անելու վճռականությամբ «Արիբասը» երթուղի դուրս կգա

Փոքր համայնքներում մեծ փոփոխություններ անելու վճռականությամբ «Արիբասը» երթուղի դուրս կգա

Փոխելով կրթության մասին պատկերացումները
Արիբաս՝ սարի գլխին, ծառի տակ․ այս կարգախոսով են ութ երիտասարդներ փորձում փոքր համայնքներում ապրող, ներուժ ունեցող երեխաներին ցույց տալ, որ, անկախ գտնվելու վայրից ու սոցիալական վիճակից, կան ինքնակրթվելու ու մասնագիտական աճի հասնելու բազմաթիվ ուղիներ։
Հայաստանի տարբեր մարզերում ապրող շուրջ վեց հազար դպրոցական որևէ տեխնոլոգիական կենտրոն հաճախելու հնարավորություն չունի։ Հանրապետության՝ մինչև հիսուն աշակերտ ունեցող դպրոցների մոտ 75 տոկոսում անգամ արտադպրոցական խմբակներ չկան։ Հետազոտությունը վերաբերում է ՀՀ մարզերին։ Արցախում թիրախային համայնքները վեր հանելու աշխատանքներն ընթացքում են։
Այդ դպրոցների մեծ մասը կենտրոնացած են Արագածոտնի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Այս համայնքներում տիրող իրավիճակը պարզելուց հետո արիբասցիները քննարկել ու հասկացել են, թե ինչպես է հնարավոր այս համայնքներում ապրող երեխաների մոտ զարգացնել ստեղծագործական ու նորարարական մտածողությունը։ Շարժական լսարան-ավտոբուսը՝ «Արիբասը», շտապ օգնության պես նորարարությունն ու տեխնոլոգիաները կհասցնի մինչև 50 աշակերտ ունեցող համայնքներ։
Նպատակը, որն իր առջև դրել է «Արիբաս»-ի թիմը, երեխաներին օգնելն է․ հավատալ սեփական ուժերին, դժվարությունները դիտարկել որպես հնարավորություններ և ստեղծարարությամբ լուծել անլուծելի թվացող խնդիրները։
«Ավտոբուսն ընդամենը միջոց է, որի օգնությամբ փորձելու ենք երեխաներին ավելի ճկուն ու ստեղծարար դարձնել։ Դրա համար մենք ընտրել ենք STEAM (Science, Technology, Engineering, Art, Mathematics) մոդելը։ Պիլոտային ծրագրի ընթացքում դեռ այս մոդելի երկու բաղադրիչներ՝ գիտականն ու տեխնոլոգիականը, կներդնենք։ Այս հարցում մեզ կօգնեն Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողները։ Նրանք մեզ հետ համայնքից համայնք կշրջեն ու երեխաներին գիտության կարևորության մասին կպատմեն,-ասում է «Արիբաս»-ի համահիմնադիր Լիլիթ Մովսիսյանը և հավելում,-«Արիբասն» անպայման կհասնի նաև Արցախ»։

Մեկ ամիս՝ յուրաքանչյուր կանգառում
Ավտոբուսի երթուղին դեռ քննարկվում է, բայց արդեն որոշվել է՝ յուրաքանչյուր համայնքում այն կկանգնի մեկ ամիս։ Այդ ընթացքում դասընթացավարը և նրան միացած մասնագետները կաշխատեն զարգացնել երեխաների հմտություններն ու հետաքրքրություն առաջացնել բնագիտական առարկաների հանդեպ։ Ավտոբուսն ընտրված համայնքներում կլինի որոշակի պարբերությամբ։ Նախատեսվող շարժական-լսարանը տեղավորելու է 10 աշակերտ ու մեկ դասընթացավար։
Երկու տարի առաջ, երբ գաղափարը ծագել է, թիմը, վստահ էր, որ սակավաթիվ համայնքներում կյանքը գրավիչ դարձնելու ամենաիրատեսական ուղին կրթությունն է։ Դրա համար անհրաժեշտ երկու պայմանները՝ ներուժն ու ցանկությունը, կան։ Նախքան պիլոտային ծրագրի մեկնարկը, արիբասցիները թիրախային դպրոցների 10-16 տարեկան դպրոցականների շրջանում արած հարցումներով պարզել են՝ ինժեներության, լաբորատոր փորձերի հանդեպ դպրոցականների հետաքրքրությունը մեծ է։
Մեր օրերում գիտության ու տեղեկատվական տեխնոլոգիաների դերի ու ընձեռած հնարավորությունների մասին աշակերտներին հենց դպրոցում կպատմեն։ Հնարավորության դեպքում լաբորատոր փորձերը ևս դպրոցի շենքում կիրականացվեն։
Կրթական բովանդակությունը մշակման փուլում է։ Պատրաստ լինելուն պես՝ այն կներկայացվի ԿԳՄՍ նախարարության հաստատմանը։ Լիլիթը լիահույս է՝ այս գործընթացն ավարտելուց հետո կրթությունը կարևորող գիտական կենտրոններ ու կազմակերպություններ կլինեն, որոնք կօժանդակեն իրենց։ Համագործակցություն հնարավորություն կա «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի հետ: «Կայծ» սոցիալական նորարարությունների ինկուբատորի մասնակցության շրջանակում հիմք դրվեց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ համագործակցությանը։ «Արիբաս»-ը «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի «Կայծ» ինկուբատորի հաղթող թիմերից մեկն է և ներգրավել է իր առաջին դրամաշնորհն այս համագործակցության շնորհիվ։

Ավտոբուսից շարժական լսարան մեկ քայլ է մնում
Շարժական-լսարանը կյանքի կոչելու համար, նախ և առաջ, պետք էր ձեռք բերել ավտոբուս և այն վերափոխել լսարանի։ Արիբասցիները այդ նպատակով Ֆեյսբուք սոցիալական ցանցում դրամահավաք-արշավ սկսեցին։ Արշավի մեկնարկից մի քանի օր անց ամերիկահայ բարերարի օժանդակությամբ թիմը ձեռք բերեց ավտոբուսը։
Լիլիթն ասում է՝ դրամահավաքի ընթացքում մինչև հիմա հավաքագրված գումարով ավտոբուսն ամբողջությամբ վերափոխել ու սարքավորումներով զինել չի հաջողվի։ Հաշվարկել են, որպեսզի ավտոբուսը լիարժեք լսարանի վերածվի, այսինքն՝ ունենա համակարգիչներ, պրոյեկտոր, տպիչ, գրատախտակ, կահույք, ապա կպահանջվի մոտ 13 հազար ԱՄՆ դոլար։ Այս պահին հավաքագրվել է մոտ 8 հազարը․ դրամահավաքի ավարտին մնացել է ընդամենը 7 օր։ Պատրաստ լինելուն պես՝ «Արիբասը» կուղևորվի ստանձնած առաքելությունն իրագործելու։

Լիլիթ Պողոսյան (կամավոր թղթակից)