Մշակույթ

Հայկական ճարտարապետությունը լուսանկարիչ Արսենի Կոտովի ներկայացմամբ

Հայկական ճարտարապետությունը լուսանկարիչ Արսենի Կոտովի ներկայացմամբ

Փետրվարի 12-ին Մոսկվայի Հայկական թանգարանում տեղի ունեցավ լուսանկարիչ Արսենի Կոտովի «Հայաստանի ճարտարապետությունը. խորհրդային ժառանգություն» անհատական ցուցահանդեսի բացումը։ Բացելով ցուցահանդեսը՝ Արսենին խոսեց Հայաստանում իր շրջագայության ընթացքում ստացած տպավորությունների, նկարահանած յուրաքանչյուր լուսանկարի, այցելած վայրերի, մարդկանց ջերմ վերաբերմունքի  մասին։

Ցուցահանդեսում  ներկայացված աշխատանքների շարքում խորհրդային ժամանակաշրջանի հուշարձաններից էին  Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Սարդարապատի հուշահամալիրը, Մայր Հայաստան հուշարձանը, Երևանի Հաղթանակի զբոսայգին, Զվարթնոց օդանավակայանի հին տերմինալը, Բյուրականի աստղադիտարանը, Միկոյան եղբայրների թանգարանը և շատ այլ լուսանկարներ։ Ցուցահանդեսում առանձին շարքով ներկայացված են նաև Հայաստանի հնագույն վանքերը, տաճարները։ Արսենի Կոտովի լուսանկարները վերակենդանացնում են հետաքրքրությունը խորհրդային ճարտարապետության, մշակույթի և պատմության նկատմամբ։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Մոսկվայի հայկական թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը։ Իր ելույթում նա նշեց, որ «Ճարտարապետությունը պատմական իրադարձությունների տարեգրություն է։ Հայաստանում և նախկին խորհրդային այլ հանրապետություններում արված իր լուսանկարների միջոցով լուսանկարիչը պատմում է խորհրդային դարաշրջանի մշակութային հսկայական շերտի և գեղագիտության մասին՝ դրսևորված ճարտարապետության մեջ։ Մեր խնդիրն է հիշել պատմությունը և պահպանել նրա հուշարձանները»։

Արսենի Կոտովի ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր։ Բացմանը բոլորը հնարավորություն ունեցան զրուցել լուսանկարչի հետ և հարցեր ուղղել նրան աշխատանքի տեխնիկայի և մեթոդների, սիրելի երկրների և ճանապարհորդական տպավորությունների մասին։

Արսենի Կոտովի «Հայաստանի ճարտարապետությունը. խորհրդային ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը Մոսկվայի հայկական թանգարանում կգործի մինչև մարտի 6-ը ներառյալ։ Իսկ լուսանկարչի հետ հերթական հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 16-ին, ժամը  19:00-ին Մոսկվայի Հայկական թանգարանում։