Սպորտ

Կվերակառուցվի ՀՖԿՍՊԻ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճը

Կվերակառուցվի ՀՖԿՍՊԻ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճը

«Grassroots» մշակութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում Ճապոնիայի կառավարությունը շուրջ 91 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճները վերանորոգելու համար: Համապատասխան պայմանագրերը ստորագրել են  ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորին և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանը։ Դեսպանը ընդգծել է, որ դրամաշնորհային օժանդակությունը ցուցաբերվել է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ իրականացվելիք ծրագրերի շրջանակում։ «Ուրախ եմ նաև, որ այս ծրագրի միջոցով ճապոնական մարտարվեստներն ավելի մեծ տարածում կունենան Հայաստանում, ինչը կամրապնդի մեր երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական կապերը՝ այսպիսով մարմնավորելով յուրահատուկ սպորտային կամուրջ մեր ժողովուրդների, հատկապես՝ երիտասարդների միջև», — նշել է դեսպանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը իր շնորհակալական խոսքում նշել է, որ ձյուդոն Հայաստանում շատ սիրված և մեծ մասսայականություն վայելող մարզաձև է։ Իսկ ավելի բարեկարգ դահլիճը կնպաստի մարզաձևի որակի բարձրացմանը: Այս մարզաձևում Հայաստանը ունեցել է Եվրոպայի երկու չեմպիոն, աշխարհի մրցանակակիր, օլիմպիական խաղերի մասնակիցներ։ Փոխնախարարը հույս է հայտնել, որ ապագայում նաև օլիմպիական չեմպիոն կունենանք։

ՀՖԿՍՊԻ ռեկտոր, ձյուդոյի վաստակավոր մարզիչ և օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանն էլ, շնորհակալություն հայտնելով ծրագրի համար, վստահեցրել է՝ ձյուդոյի և կարատեի մարզադահլիճի վերակառուցման ծրագրի իրականացումը էականորեն կբարելավի բուհում կրթության որակը, հնարավորություն կունենան մարզաձևերի ֆեդերացիաների հետ անցկացնելու մարզչական և մրցավարական սեմինարներ: «Նախատեսում ենք մարզադահլիճում նաև վետերանների ու մանկապատանեկան տարիքի խմբեր ունենալ։ Թարմացվելու են օդափոխության և ջեռուցման համակարգերը: Նախատեսում ենք նաև դահլիճի մասնագիտական գույքի վերազինում»:

ՀՖԿՍՊԻ-ի ռեկտորի տեղեկացմամբ՝ ծրագիրը նախատեսված է 1 տարվա համար, իսկ ֆինանսավորումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի ապրիլի 1-ից: