Գիտակրթական

«ԱրմՌոբոտիքս 2021»․ հայ պատանիների մտքի արդյունքը՝ ինժեներական փաթեթավորմամբ

«ԱրմՌոբոտիքս 2021»․ հայ պատանիների մտքի արդյունքը՝ ինժեներական փաթեթավորմամբ

 «ԱրմՌոբոտիքս 2021» ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնությանն աննախադեպ թվով՝ 180 թիմ մասնակցության հայտ էր ներկայացրել։ Եզրափակիչ փուլ անցած 44 թիմերից դեկտեմբերի 12-ին հայտնի դարձան լավագույնները։

10-13 և 14-17 տարեկանների տարիքային խմբերում մրցող թիմերից առաջին փուլը հաղթահարեցին վեցական թիմ։ Դպրոցական թիմերի պատրաստած ռոբոտներին «Խելացի քաղաք»-ում շրջելու և իրենց ունակությունները դրսևորելու համար ութ րոպե ժամանակ էր տրված։ Այդ ընթացքում  նրանք  պետք է արձագանքեին գազի արտահոսքին, մարեին քաղաքում բռնկված հրդեհը, դատարկեին աղբամաններն ու հետիոտնային անցումով անսխալ անցնեին։

Եզրափակչի երկրորդ փուլ անցած թիմերից 10-13 տարեկանների տարիքային խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Էջմիածնի թիմը, երկրորդը՝ Այգուտի, իսկ երրորդը՝ Գեղարքունիքի թիմերը։ Առաջին պատվավոր տեղը զբաղեցրած էջմիածինցիները, բացի դրամական պարգևից, մրցանակներ ստացան նաև «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի կողմից։

14-17 տարեկանների տարիքային խմբում ներկայացված թիմերից ժյուրին դժվարությամբ, բայց փորձեց ամենաարժանավորներին ընտրել։ Այս տարիքային խմբում լավագույնները Գանձակի դպրոցի աշակերտներն էին։ Համանուն թիմը, բացի դրամական մրցանակից՝ 550 հազար դրամ, ու «Թիմ Տելեկոմ Արմենիա»-ի մրցանակներից, ստացավ նաև փոխանցիկ գավաթը։

Խորհրդանշական գավաթը «Գանձակ»-ը կփոխանցի հաջորդ մրցույթի հաղթողին, իսկ 5 տարի անընդմեջ հաղթելու դեպքում՝ կմնա իր մոտ․ այդպես սահմանել է մրցույթի կազմակերպիչ «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը»։

«Գանձակ»-ի համար, ինչպես թիմի ավագ Գևորգ Ղարիբյանն է խոստովանում, հաղթանակն անսպասելի էր։ Թիմն «ԱրմՌոբոտիքս»-ին մասնակցում է արդեն 3-րդ անգամ։ Գևորգ ասում է․ «Այս հաղթանակն ապացուցում է, որ անընդհատ պետք է սովորել սխալների վրա»։

Անթերի կատարել բոլոր առաջադրանքները, իհարկե, բարդ էր՝ հատկապես այն թիմերի համար, որոնք առաջին անգամ էին մասնակցում։ Դրանից մասնակիցների ոգևորությունը չէր նվազում։ Մրցույթի ամենափոքր մասնակիցը՝ 10-ամյա Լևոն Ասատրյանը, ով «Արմաթ» ինժեներական լաբորատորիա հաճախում է ընդամենը 3 ամիս, իր հավաքած ռոբոտով էր եկել մրցույթի։ Լևոնի գլխավորած թիմը թեկուզ երկրորդ փուլ չէր անցել, բայց մրցույթի ամբողջ ընթացքում դահլիճի մի անկյունում Լևոնն անդադար հրահանգեր էր տալիս ռոբոտին, փորձարկումներ անում և արդեն իսկ հաջորդ տարի կայանալիք մրցույթին պատրաստվում։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)