Տնտեսական

Պարենային անվտանգության թեմայով աշխատաժողով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Պարենային անվտանգության թեմայով աշխատաժողով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

Մարտի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության և 2022-2026 թվականների գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներ» թեմայով աշխատաժողով։  Աշխատաժողովը համակարգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Վերջինս ողջունելով մասնակիցներին՝ կարևորել է պարենային անվտանգության ապահովման և ընգրկուն գործողությունների պլան ունենալու անհրաժեշտությունը։ Նա կարևորել է այս հարցում տարբեր գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներգրավումն ու բոլորի համատեղ աշխատանքը։ «Պարենային անվտանգությունը պետք է դիտարկել որպես տնտեսության զարգացման հիմք» — նշել է փոխնախարարը։

Միջոցառմանը մասնակցել են Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Նաննա Սկաուն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտին առնչվող այլ ներկայացուցիչներ։  Միջոցառմանն առցանց եղանակով մասնակցել է նաև Պարենի համաշխարհային ծրագրի գլխամասային գրասենյակի պարենային անվտանգության փորձագետ Դաուդ Խանը։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև բարձր տեխնոլոգիաների, համայնքային ենթակառուցվածքների, մարդկային ռեսուրների զարգացման, քաղաքացիներին իրազեկման և կրթական այլ միջոցառումների իրականացման վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են միասնական աշխատելու իրենց պատրաստակամությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ պարենային անվտանգության ռազմավարության մշակման նպատակով, սահմանվել են հստակ ժամկետներ աշխատանքների իրականացման համար։