Քաղաքական

Համաներման ակտը՝ օրենքի ընդունումից 7 ամիս անց

Համաներման ակտը՝ օրենքի ընդունումից 7 ամիս անց

2021թ․-ի ապրիլի 8-ին կառավարությունը որոշում ընդունեց ներում շնորհել 27 տարին լրացած այն քաղաքացիներին, ովքեր հետախուզման մեջ են պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով: Այն կիրառվելու է քրեական օրենսգրքի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ։ Համաներման շահառուները մինչև 2021թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են կամովին ներկայանալ համապատասխան մարմիններին։  Սփյուռքի գլխավոր հանձնակատարի վստահեցմամբ՝ սփյուռքում ևս նման շահառուներ կան, և այս որոշման արդյունքում կկարողանան վերադառնալ հայրենիք։

Մենք զրուցեցինք 28-ամյա Ս.Մ.-ի հետ, ով վերջին անգամ Հայաստանում  եղել էր 2011 թ.-ին։ Օրենքի ընդունումից հետո նա կարողացել է վերադառնալ հայրենիք։ «2021թ.ին արդեն օրենք ընդունվեց, որով կարող էի գալ Հայաստան ու համաներում ստանալ։ Առաջին իսկ հնարավոր ժամկետում եկել եմ՝ օգօստոսի 7-ին։  Օդանավակայանից ինձ տեղափոխել են ոստիկանություն, հետո գլխավոր դատախազություն, ստորագրել եմ իմ գալու մասին, որ դուրս գամ հետախուզումից: Զինվորական գրքույք չեմ ստացել, որովհետև անձնագրիս ժակետը լրացել էր, իսկ այդ ընթացքում անձնագրեր ստանալու հարցը շատ խառն էր, ու քանի որ ՌԴ-ում գործեր ունեի, ստիպված էլ չսպասեցի, թողեցի ու հետ էկա»։

Սույն օրենքի մասին խոսել ենք ԱԺ պաշտպնության և անվտանգության հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ: Վերջինս վստահեցնում է, որ օրենքը արդարացված է, և շատ քաղաքացիներ հնարավորություն են ստացել հայրենիք վերադառնալու: Գեղամ Մանուկյանը անդրադարձավ նաև իշխանական պատգամավորների կողմից  առաջարկվող այն փոփոխություններին,  որոնք վերաբերում էին բանակից գումարի դիմաց ազատվելուն։ Ինչը, ըստ Մանուկյանի, բարեբախտաբար արագ կասեցվել է

Ինչ վերաբերում է պատերազմից հետո հանրության տրամադրվածությանը՝ բանակից խուսափելու մասով, Գեղամ Մանուկյանը վստահեցնում է․ «Օրենքը այնպիսինն է, որ համաներում են ստանում երկար ժամանակ ՀՀ-ն լքած քաղաքացիները, այնպես չէ, որ այդ օրենքով կարող են համաներում ստանալ պատերազմի ժամանակ կամ դրանից հետո երկիրը լքածները»:

Հարցում ենք ուղարկել պաշտպանության նախարարություն և ոստիկանություն՝ իմանալու ապրիլի 8-ից մինչև նոյեմբերի 4-ը քանի մարդ է դուրս եկել հետախուզումից։ Ի պատասխան մեր հարցմանը՝ ՀՀ ոստիկանությունը հայտնել է 1137 մարդու համաներում ստանալու մասին, իսկ Պաշտպանության նախարարությունը նշել է 859 քաղաքացու մասին, ովքեր ստացել են զինվորական գրքույքներ՝ համաձայն 12.12.2018-ի թիվ 16ա որոշման։

Վիճակագրական կոմիտեն  տեղեկացնում է, որ 2021թ․-ի հունվարից մինչև հունիս ամիսներ զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորհավաքներից խուսափել է 41 մարդ, որից քրեական գործ է հարուցվել 29 դեպքի մասով:

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով համաներում կարող են ստանալ զինվորական ծառայությունից խուսափած ու հետախուզման մեջ գտնվող առնվազն 5131 մարդ, դատապարտված 124 անձ։  Համաներման օրենքը գործելու է մինչև 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Լուսինե Ալեքսանյան (թղթակից)