«Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսը կտևի մեկ շաբաթ
Հայաստանի նկարիչների միության այցելուները մինչև նոյեմբերի 7-ը կկարողանան հայ արվեստագետների հեղինակած գործերով ծանոթանալ իրանական հարուստ մշակույթին։ «Իրանը հայ արվեստագետների աչքերով» ցուցահանդեսին 28 արվեստագետներ՝ այդ թվում Հայաստանի Նկարիչների միության անդամներ, ուսանողներ, իրանական գույները պատկերել են այնպես, ինչպես պատկերացրել են։ Իրանի նկարիչների միությունը ցուցահանդեսի մասնակիցներից ընտրել է 7 հաղթողներին, ովքեր առաջիկայում ճանաչողական այցով կլինեն Իրանում։
Այս ձևաչափով հայ և իրանցի արվեստագետներն առաջին անգամ են հանդիպում։ Նոյեմբերի 1-ին՝ նախքան ցուցահանդեսի բացումը, երկու երկրների նկարիչների միությունների միջև կնքված հուշագրով հիմք է դրվել ավելի խոր համագործակցության։ Մեր հետ զրույցում նկարիչների միության ներկայացուցիչը հավանական համարեց առաջիկայում նմանատիպ ցուցահանդեսի անցկացում նաև Իրանում՝ արդեն Հայաստանը իրանցի արվեստագետների ընկալմամբ։