Գիտակրթական

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա Հայաստանում

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա Հայաստանում

2022 թվականի հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կկայանա կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան։ Օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովը մարտի 3-ին գումարել է իր առաջին նիստը:

Իր խոսքում հանձնաժողովի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օլիմպիադայի կազմակերպմանը վերաբերող բոլոր աշխատանքները որակյալ կազմակերպելու և իրականացնելու նպատակով հանձնաժողովը նիստեր կգումարի երկու շաբաթը մեկ։

«2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը ներկայացրել է օլիմպիադայի կազմկոմիտեի կազմը և կատարած աշխատանքները։ Նա նշել է՝ օլիմպիադային մասնակցելու հրավերին անդամ երկրներից դեռևս արձագանքել և առցանց հարթակում գրանցվել է 64 երկիր։ Օլիմպիադային մասնակցելու են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ։ Պատվիրակությունների և մասնակիցների վերջնական թվաքանակը կհստակեցվի մարտի 10-ին, երբ կավարտվի հայտագրման գործընթացը։