Միրզոյանը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԳՆ-ում Լյուքսեմբուրգի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի այն տեքստը, որն առաջարկել են, ամբողջապես համաձայնեցված տեքստ է։
«Այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթաց։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել», — ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարն ասաց, որ այս պահին տեխնիկապես կա 16 հոդված, որոնցից 13-ն ամբողջապես համաձայնեցված են, 3-ը՝ մասնակի համաձայնեցված։
Սեպտեմբերի 2-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը նշել էր, որ «Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել իր տարբերակը։ Իրենց ներկայացրած տեքստի նախագծից մի քանի կարևոր կետեր հանվել են։ Համաձայնագրի նախագծում չեն ներառվել կարևոր կետեր, և մեզ ասացին, որ դա հարցի լուծում է։ Նախկին պատմական հակամարտության համատեքստում համաձայնագիրը և դրա յուրաքանչյուր կետ շատ կարևոր նշանակություն ունեն։ Մեր խորհուրդը հայկական կողմին կլինի այն, որ վերջինս ավելի լուրջ մոտենա այդ հարցերին։ Առաջիկայում մենք Հայաստանին կներկայացնենք այն տարբերակը, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա և համապատասխանում է մեր ազգային շահերին»։
Խաղաղության պայմանագրի շուրջ Ադրբեջանում քննարկվում էր, որ Հայաստանի սահմանադրության որոշ կետեր հակասում են խաղաղության պայմանագրին։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)