«Մեր հարևանների սահմանների փոփոխությունը անընդունելի է»․ Իրանի արտգործնախարար
«Մեր հարևանների սահմանների փոփոխությունը անընդունելի է»․ Իրանի արտգործնախարար
Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին X-ի իր էջում անդրադարձել է տարածաշրջանում խաղաղության ու հարևան պետությունների տարածքային ամբողջականությանը:
«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունը սոսկ նախապատվություն չեն, այլ մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությանը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար», — գրել է արտգործնախարարը։
Իրանից բազմիցս խոսել են Հայաստանի ու հարևան պետությունների հետ ապաշրջափակման մասին։ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նշել էր, որ «Մեր կարմիր գիծն այն ժամանակ է լինելու, երբ Հայաստանի հետ մեր սահմանը խզվի, այսինքն, այնպես ստացվի, որ մենք չկարողանանք Հայաստանի հետ կապ ունենալ, սա է մեր կարմիր գիծը, մնացած ապաշրջափակումն էլ լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո՝ տարածքային ամբողջականության շրջանակներում, հարգել Հայաստանի օրենքները»։
Հայաստանի կառավարությունն անցած տարի պայմանագիր կնքեց իրանական երկու ընկերությունների հետ` Հայաստանն Իրանին կապող Քաջարան — Ագարակ ճանապարհի շինարարության համար:
Ռազմավարական նշանակության 32 կմ այս ճանապարհը, որը ներառում է կամուրջներ ու թունելներ, պետք է կառուցվի երեք տարում: Դրանց արժեքը շուրջ 215 միլիոն դոլար է: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսից։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)