Քաղաքական

ԻՆՉՈ՞ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈւԹՅՈւՆ ԵՎ ԳԻՏՈւԹՅՈւՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈւՄԸ. ՄԵԿ ՕՐԻՆԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

ԻՆՉՈ՞ւ Է ԿԱՐԵՎՈՐ ՊԵՏՈւԹՅՈւՆ ԵՎ ԳԻՏՈւԹՅՈւՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՈւՄԸ. ՄԵԿ ՕՐԻՆԱԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ

Որքանո՞վ է ամուր պետություն-գիտություն կապը, արդյո՞ք այդ կապը տարածվում է գիտության բոլոր բնագավառներում… Հարցադրումներ են, որոնք որոշ փուլերում գործնականում չենք կարողանում տեսնել։ Վերանկախացման փուլում ունենալով գիտության կայացած դպրոց՝ մենք տրամաբանական հակառակ ճանապարհ բռնեցինք։ Պահպանման ու զարգացման փոխարեն նախընտրվեց գոյատևումը։ Կարելի է թվարկել գիտության տարբեր բնագավառներ, որոնք պետության զարգացման համար հենքային նշանակություն ունեն։ Սակայն մեր ուշադրության կենտրոնում այսօր որոշներն են։ Բնագավառներ, որոնք ներկա մարտահրավերների համատեքստում լիարժեքորեն տեղավորվում են։ Այստեղ գլխավոր հարցը մնում է պետության և գիտության համագործակցության հարցը։ Եթե կա ամուր համագործակցություն, ապա ինչո՞ւ չենք տեսնում օրինակ ուրարտագիտության (եզրույթը հոդվածում գործածվում է ժամանակային իմաստով), խեթագիտության, եգիպտագիտության և նման այլ բնագավառներում։ Խոսքը այնպիսի բնագավառների մասին է, որոնցում մեր բացակայությունը ուղղակիորեն բացասական է ներազդում մեր իսկ ընդհանուր դիրքերի վրա։ Այսօր աղավաղվում են հայոց պատմության շատ էջեր, անտեսվում կամ հերքվում են մեր ծագումնաբանության, պատմական հայրենիքի սահմանների հետ կապված շատ հարցեր։ Դրանք պարզապես պատմական տվյալներ չեն, դրանք կռվաններ են, որոնք հմուտ դիվանագիտության ձեռքերում կարող են լուրջ դերակատարում ունենալ։

Տարբեր քննարկումների ընթացքում խոսում ենք, որ չունենք ուրարտագիտության, եգիպտագիտության միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենտրոններ։ Ցավալի օրինակներից է Երևանի պետական համալսարանում 2006 թվականին բացված «Եգիպտագիտության հայկական կենտրոն»-ը, որը այժմ չի գործում։ Այն ինչ ոլորտում այլ պետություններում բացվում են նմանատիպ կենտրոններ և սկսում են ակտիվ գործունեություն ծավալել։   

Կարևոր է, թե ինչ քայլեր են իրականացվում վերոնշյալ բնագավառներում առկա խնդիրները լուծելու և ոլորտները հանրայնացնելու համար։ Ցավալի է, բայց շատերը միայն Երևանի, Եվրոպական ժառանգության և նմանատիպ օրերին են անդրադառնում գիտության խնդիրներին, երբ այցելում են թանգարան (մասնավորապես այցը Էրեբունի թանգարան և, ըստ այդմ էլ անդրադարձ ուրարտագիտության զարգացմանը)։  

Արդյո՞ք ֆինանսական աջակցության բացակայության հետևանք են այդ խնդիրները։

Ֆինանսական աջակցության տեսանկյունից նշենք, որ գիտությունը ֆինանսավորվում է երկու տարբերակով՝ բազային և գրանտային ֆինանսավորումների միջոցով (խնդրին առնչվող հարցադրումներից մեկը տե՛ս)։ Ֆինանսավորման տեսանկյունից ևս ունենք որոշ խնդիրներ, քանի որ դրանք ևս համաձայնեցված չեն կատարվում։

Խնդիրներից մեկն էլ սկզբունքային մոտեցման հարցն է։ Հիշենք մեկ օրինակ։ Լիտվայի Հանրապետության (այսուհետ՝ ԼՀ) նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի, ԼՀ փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտենի, ԼՀ տարբեր համալսարանների ռեկտորների, պրոռեկտորների և այլոց հետ հանդիպման ընթացքում (տե՛ս) հայկական կողմը շեշտադրում էր. «կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը…» (ՀՀ և ԼՀ պատվիրակությունների հանդիպման մասին մանրամասն տե՛ս)։ Ե՞վ․․․։

Կրթությունը և գիտությունը հանդիսանում են ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը, որը, սակայն, լիարժեք չի կազմակերպվում։ Մասնավորապես, վերը նշված, և ոչ միայն, գիտաճյուղերը դուրս են մնացել ուշադրությունից, և ոչ միայն, պետական որևէ աջակցություն չկա այդ ուղղությունները էապես զարգացնելու համար։

Հետևաբար, կարող ենք ասել, որ մեր դիտարկած ուղղություններով էական քայլեր չեն ձեռնարկվում։ Ուրարտագիտության, խեթագիտության, եգիպտագիտության բնագավառներում ունեցած բացերը մնում են չհաղթահարված։ Ըստ այդմ էլ կարելի է եզրակացնել, որ պետությունը և գիտությունը փոխկապակցված չեն աշխատում։ Եվ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ գիտնականը առանձին է քայլեր ձեռնարկում իր բնագավառը հանրությանը ներկայացնելու և բնագավառի մարտահրավերները լուծելու համար, իսկ պետությունը առանձին է քայլեր ձեռնարկում։ Վստահ եմ, որ եթե ունենանք իրականում աշխատող փոխկապակցում, ապա իրապես կսկսենք հաղթահարել բնագավառում առկա բացերը։   

Վերլուծական հոդվածի հեղինակ՝ Սիրանուշ Բաղումյան (վերլուծաբան, պատմության ասպիրանտ)