ՏնտեսականՔաղաքական

Ռուս-ուկրաինական ճակատը․ հնարավորություններ թե՞ խնդիրներ հայրենի տնտեսության համար

Ռուս-ուկրաինական ճակատը․ հնարավորություններ թե՞ խնդիրներ հայրենի տնտեսության համար

2022 թ. փետրվարի 24-ին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, որը նոր փորձություն հանդիսացավ հայաստանյան տնտեսության համար։ Սակայն ցանկացած ճգնաժամ որքան իր մեջ բացասական զարգացումներ է պարունակում, գրեթե նույն չափով էլ կարող է պարունակել, ինչու չէ նաև զարգացման հնարավորություններ։ Ուստի, հետագա ասելիքում փորձել ենք ավելի շատ շեշտը դնել ստեղծված հնարավորություններին և այնպիսի գործողություններին, որոնց շնորհիվ հնարավորություն կընձեռվի ճգնաժամային իրավիճակներում խուսանավելու:

Խնդիրներից հատկապես առանձնացրել ենք այն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամը սպառնալիք է Հայաստանի պարենային անվտանգության համար: Քանի որ Հայաստանը ներմուծվող գրեթե բոլոր ապրանքների առումով սերտորեն կապված է ՌԴ շուկային և ոչ այդքան սերտ, բայց առևտրային հարաբերություններ ունենք նաև Ուկրաինայի հետ։ Այսպիսով, հակամարտող երկու երկրներն էլ պարենային կարևորագույն ապրանքների (ցորեն, եգիպտացորեն, բուսական յուղ, շաքար, մարգարին, թռչնամիս և այլն) առաջատար արտադրողներ և արտահանողներ են մեր երկիր ևս։

Ստեղծված իրավիճակում բացասականից զատ ավելի շատ նպատակադրված ենք խոսել դրական ազդեցության մասին, որը հատկապես արդեն նկատելի է զբոսաշրջության ոլորտում։

Անդրադառնալով մեր կողմից առաջ քաշված խնդրին, կարծում ենք, որ այս պահին ՀՀ տնտեսության համար առաջնային լուծում են պահանջում մի շարք ապրանքների, այդ թվում՝ ցորենի ապահովվածության հետ կապված խնդիրները։ Հայաստանը, իհարկե, փոքր տնտեսությամբ երկիր է՝ սպառման ոչ մեծ ծավալներով, սակայն, նույնիսկ այդ պարագայում, չի կարող անմասն մնալ հետագա զարգացումներից, քանի որ սպառվող ցորենի զգալի մասը ներմուծվում է, իսկ ՀՀ-ից ցորենի արտահանում ընդհանրապես չի իրականացվում: Հարկ է նշել, որ մինչև 2020 թ. Արցախյան պատերազմը ՀՀ ցորենի պահանջարկի որոշակի մասն ապահովվել է նաև Արցախի Հանրապետության շնորհիվ։ Սակայն, ակնհայտ է, որ ցանքատարածությունների կորստով և անվտանգության խնդիրներով պայմանավորված, Արցախում արտադրվող ցորենի քանակը կտրուկ նվազել է, և Արցախն իր հերթին մնացել է Հայաստանից մատակարարման հույսին։ Ի վերջո, ՀՀ տնտեսության կախվածությունը ներմուծումից էլ ավելի է մեծացել։ Այսպիսով, ՀՀ տնտեսությունը մեծ կախվածության մեջ է գտնվում արտաքին շուկաներից, մասնավորապես՝ ՌԴ-ից։ Սակայն, կարծում ենք այս ամենը կարող է ազդակ դառնալ ՀՀ կառավարության համար հացահատիկային մշակաբույսերի, առաջին հերթին՝ ցորենի արտադրության ծավալների ավելացման և աջակցության լայնածավալ քաղաքականության իրականացման առումով: Ուստի, անհրաժեշտ է փնտրել ներմուծման աշխարհագրության և ծավալների բազմազանեցում, դրա հետ մեկտեղ, խթանել տեղական արտադրությունն ու բարձրացնել հատկապես առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների ինքնաբավությունը։ Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես վերջին տարիներին լիարժեքորեն չի օգտագործվում ՀՀ գյուղատնտեսության ռեսուրսային ներուժը, օրինակ՝ ցորենի արտադրության համար հողային և ջրային ռեսուրսների պակաս չունենք: Բայց նաև չունենք բարձր բերքատու սորտերի սերմնաբուծություն, բարձրարտադրողական ժամանակակից կոմբայններ և հետբերքահավաքային գործընթացներն անկորուստ ու արդյունավետ կերպով իրականացնելու ենթակառուցվածքներ:

Ուստի, այս ամենի ելքը կարող է լինել գյուղատնտեսության պետական աջակցությունն, ինչպես տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանն է ասում. « ․․․ հետևելով ԵՄ երկրների փորձին՝ արտադրողներին ռազմավարական նշանակության գյուղատնտեսական արտադրանքների արտադրության նպատակով ցանքատարածության միավորի հաշվով ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրել պարարտանյութերի, դիզելային վառելիքի, սերմերի և անհրաժեշտ ծառայությունների գների ու որոշ այլ ծախսերի սուբսիդավորման համար»։ Իհարկե, ՀՀ կառավարությունը նույնպես իրականացնում է գյուղատնտեսության պետական աջակցության բազմաբնույթ ծրագրեր: Սակայն, անկատար կառուցակարգերի պատճառով դրանք կա՛մ հասցեական չեն, կա՛մ էլ սահմանափակ ֆինանսական հնարավորությունների պատճառով, ըստ էության, լիարժեք չեն ընկալվում գյուղատնտեսական արտադրողների կողմից: Այսպիսով, ընդհանրացնելով կարող ենք ասել, որ արդյունքն անհամեմատ մեծ կլինի, եթե նման քաղաքականությունն ուղեկցվի ցորենի նոր, ավելի բարձր կարգի սերմացուների ստացման ու ՀՀ-ում տեղայնացման գործընթացով:

Անդրադառնանք նաև արդեն հիշատակված զբոսաշրջության ոլորտին։ Խոսելով առկա պայմաններում զբոսաշրջության ոլորտում մեր երկրի համար ստեղծված մեծ հնարավորություններին՝ նշենք, որ համաձայն նախնական փորձագիտական տվյալների՝ պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ից ՀՀ է ժամանել մոտ 85000 մարդ, Ուկրաինայից՝ 4000, և պարզ չէ, թե նրանցից քանիսն են ՀՀ և քանիսը՝ ՌԴ կամ Ուկրաինայի քաղաքացի։

Շատ ռուսաստանցիներ արդեն ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում։ Մեծ մասը հանգրվանել է հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, վարձու բնակարաններում, որոշները՝ բարեկամների տանը, մյուսներն էլ հասցրել են բնակարան ձեռք բերել։ Իհարկե, այս ամենի արդյունքում բարձրացել են նաև բնակարանների վարձավճարները, քանի որ բնակարանները վարձակալվում են կարճաժամկետ՝ 1-2 ամսով, իսկ շատերն էլ պարզապես օգտվում են առիթից և արհեստականորեն էլ ավելի են բարձրացնում գները, ինչը վնասում է շուկային։ Մեծ մասը ՀՀ է ժամանել անորոշ ժամանակով՝ նշելով, որ դեռ կմնա այստեղ, կշրջի երկրի զբոսաշրջային վայրերում, մինչև որ իրավիճակը կայունանա և կարողանա վերադառնալ ՌԴ։ Որոշ մասը ՀՀ է ժամանել ընտանիքներով, աշխատում է ՀՀ-ից՝ հեռավար եղանակով, շատերը տարբեր միջազգային կազմակերպությունների կամ ՏՏ ոլորտի աշխատողներ են, որոնք կարող են աշխատել հեռավար և, գտնվելով ՀՀ-ում, ստանալ միջազգային դրամական փոխանցումներ տարբեր երկրներից: Նրանցից շատերն այժմ մտածում են նաև բիզնեսը տեղափոխելու մասին։ Հայաստան ժամանողների մի մասն էլ փորձում է հաշիվ բացել հայաստանյան բանկերում, քանի որ ռուսական բանկերը նույնպես խիստ պատժամիջոցների տակ են։ Ռուսական ընկերություններին ու ռուսաստանցիներին, ըստ մասնագետների, հայաստանյան բիզնես դաշտն է գրավում, որովհետև միջավայրն ազատ է, գրեթե չկան սահմանափակումներ, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բազմաթիվ արտոնություններ են գործում։ Բացի այդ Հայաստան տեղափոխվելիս խնդիրների չեն բախվում։ Համավարակի հետևանքով զբոսաշրջությունն էականորեն տուժել էր ՀՀ-ում, և այս առումով, ռուս զբոսաշրջիկների հոսքը կարող է դրական ազդեցություն ունենալ ոլորտի համար, ուստի համավարակի նահանջից հետո կարելի է ակնկալել ոլորտի աշխուժացում և վերականգնում։ Հոսքը դեռևս կարճաժամկետ դրական նշանակություն ունի, ուստի երկարաժամկետում պետք է քայլեր ձեռնարկվի ռուս զբոսաշրջիկներին գրավելու ուղղությամբ՝ մշակելով հետաքրքիր ու մատչելի համապատասխան փաթեթներ։ Հատկապես հաշվի առնելով, որ այս մարդիկ հիմնականում բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնց աշխատանքի ավելացման արդյունքն շատ ավելի մեծ է, բնականաբար ամեն ինչ պետք է անել, որ այստեղ մնան ավելի երկար ժամանակահատված և իրենց ավելացված արդյունքը ծախսեն ու պահեն այստեղ։ Երևանի վրա ենթակառուցվածքային ճնշումը նվազեցնելու նպատակով կարևոր է ավելի համակարգված հոսքի վրա դնել ռուս զբոսաշրջիկների համար դեպի մարզեր տուրերի կազմակերպում։ Ինչը անխոս կնպաստի մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։

Վերջապես ռուս-ուկրաինական հակամարտությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Հայաստանը, անվտանգության առումով, ոչ կայուն տարածաշրջանում է, ուստի, գնահատելով մրցակցային առավելությունները, պետք է հնարավորինս ավելացնի սեփական արտադրության հիմնական պարենային ապրանքների ծավալը և ստեղծված իրավիճակում ի հայտ եկած  հնարավորությունները ամեն կերպ օգտագործի մեր տնտեսությանն օգուտ բերելու նպատակով։

Վերլուծական հոդվածի հեղինակ՝ Էլիզա Մաթևոսյան (վերլուծաբան, տնտեսագիտության բակալավր)