Դիտարկումներ ներկայի ներածականի շուրջ. մաս Ա
Դիտարկումներ ներկայի ներածականի շուրջ. Մաս Ա
Էություն
«Աշխարհն այն չէ, ինչ նախկինում էր»։ Այս միտքը հաճախ կարելի է լսել, երբ փորձում ես հասկանալ ներկա աշխարհաքաղաքական զարգացումները։ Իսկ միթե՞ ինչ-որ բան է փոխվել։ Իրականում ոչինչ էլ չի փոխվել։ Աշխարհի տարբեր անկյուններում շահերի գոտիների բաժանման փորձերը հիմնականում ուղեկցվել են զինված հակամարտություններով։ Այդ հակամարտությունները շերտավորված են եղել տարբեր խնդիրներով․ ազգային փոքրամասնությունների ազատությունների ու անկախության պայքարից մինչև տնտեսական մեծ հոսք ապահովող ուղիների վերահսկում և էժան աշխատուժի ու հումքի շուկաների տնօրինում։ Հիմքում գլխավոր, և հաճախ քողարկվող շերտը, եղել է տնտեսական բաղադրիչը։ Մի բան, որը առավելապես հուզել է այդ պայքարի գլխավոր հակամարտողներին։ 19-րդ դարի վերջում նկատելիորեն թափ առած «կողմնորոշումների» շարժումը վեր է հանել գլխավոր հակամարտողներին և հետզհետե ձևավորել «նոր» ճամբարներ։ Արդյունքում՝ 20-րդ դարից նոր թափով սկիզբ առած շահերի գոտիների բաժանումը, ըստ էության, ցույց տվեց, որ այդ գործընթացը երբեք էլ կանգ չի առել։ Այն ավելի շատ փոփոխական հաջողություններ ընդգրկող սրացումներ և ժամանակավոր ընդմիջումներ է արձանագրել։ Ինչպես, օրինակ, Առաջին աշխարհամարտից մինչև Երկրորդ համաշխարհայինն ընկած ժամանակահատվածը։ 1945 թ․ ատոմային զենքը որպես «զսպող ուժ» կիրառելու փորձից հետո հակամարտության մեթոդաբանության մեջ սկզբունքային փոփոխություն արձանագրվեց։ Մեծ բախումներին փոխարինելու եկան տեղային առճակատումները, որտեղ գաղափարական պայքարի վարագույրի ներքո թաքնված տնտեսական բաղադրիչը շարունակում էր շահերի գոտիների համար մղվող պայքարը։ Գլխավոր հակամարտողները կառավարելի սահմաններում պահելով տեղային առճակատումները՝ հաճախ կիրառում էին «հաշտության» իրենց ամենասիրելի մեթոդը։ Առանց տեղային ճակատների շահերի դիտարկման՝ ընթանում էին փոխհամաձայնեցված բաժանումներ։ Դրանք ժամանակավորապես բավարարում էին մեծ կողմերի շահերը՝ տրամադրելով նրանց ծավալման նոր գոտիներ։ Երևույթը նման է առանց մրցավարների ընթացող և չավարտվող «էստաֆետայի»։ Այստեղ յուրաքանչյուր մարզիկ իրեն հատկացված ժամանակահատվածում փորձում է ավելին անել, իսկ առավել ուժեղ մարզիկները նաև հավակնում են մրցավար դառնալ։ Այս մրցույթի կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ մարզիկներին գրեթե չի հետաքրքրում մրցույթից դուրս ընկած ամեն բան։
Իսկ մենք
Մենք և մեզ նման քչերը, որ պատմության տարբեր փուլերում եղել ենք նմանօրինակ «մրցույթի մարզիկների թվում», այսօր դուրս ենք մնացել «մրցույթից»։ Առավելագույնն ինչ կարող ենք մեզ թույլ տալ՝ «մրցույթի մասնակիցների աջակցության թիմերի» մաս կազմելն է։ Գոնե այս համատեքստում են մեզ տեսնում «մարզիկները»։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք ուրախանում ենք «մրցույթի կանոնների մասին» խոսելուց, վիճաբանում և դիտարկումներ ենք անում կանոնների խախտման մասին։ Բայց և մոռանում, որ ոչ կանոններն ենք մենք գրում, ոչ էլ մրցավարների դեր ենք խաղում։ Մեր շարքերում եղել են և վստահորեն կլինեն այնպիսինները, ովքեր «աջակցության թիմերի» ներկայացուցիչներից հետզհետե մտել են մարզիկների շարքերը։ Ինչպե՞ս։ Հիմնականում համառ և անկոտրուն նպատակասլացության շնորհիվ։ Իսկ մենք ունե՞նք այդ որակները։ Բոլորս գրեթե միաբերան ասում ենք՝ «այո՛»։ Բայց շարունակում ենք մնալ «մրցույթի կանոնների մասին» վիճաբանողների շարքերում՝ կարծելով, թե սպառողի հոգեբանությամբ ապրողի կարգավիճակում նույն շարքերի մեջ մտնողների համեմատականի մեջ պետք է համառ և անկոտրուն լինենք։ Ո՛չ, և կրկին ոչ։ Դա ճանապարհ է դեպի անհայտություն։ Իսկ մենք, եթե անշուշտ ցանկանում ենք, ունենք մի ճանապարհ․ տեսնել իրականությունն՝ իր բոլոր գույներով հանդերձ։ Հասկանալ մրցույթի սկզբունքներն ու կանոնները, հաշվի առնել մեր ելքային հնարավորությունները և դրանք աստիճանաբար ավելացնելու եղանակները։ Ինչո՞ւ։ Քանի որ գալու է «էստաֆետայի» հերթական փուլը, երբ մարզիկներն իրենց «փոխանցիկ առարկաների» գործընթացի ժամանակ արձանագրելու են հերթական փոփոխությունները։ Սա այն է, ինչը մարդկության պատմության մեջ հայտնի է որպես աշխարհաքաղաքական փոփոխություններ։ Իսկ մենք ․․․
Խմբագրական — Մհեր Հովհաննիսյան