Կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր
Առողջապահության նախարարությունը հայտնում է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագրի մշակման մասին։
Առողջապահության նախարարի հրամանով`այսուհետ բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կենտրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր:
“Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր”,- նշված է նախարարության գրառման մեջ։
Կփոխհատուցվի նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:
Ըստ ԱՀԿ-ի պնդման, բնակչության մակարդակով կեսարյան հատումների 10%-ից բարձր ցուցանիշները կապված չեն մայրական և նորածինների մահացության մակարդակի կրճատման հետ: Ընդհակառակը, կան ապացույցներ, որ որոշակի շեմից բարձր լինելու դեպքում կեսարյան հատման դեպքերի աճը կարող է կապված լինել մայրական և պերինատալ հիվանդացության աճի հետ: