Քաղաքական

Ջեյհուն Բայրամով․ «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»

Ջեյհուն Բայրամով․ «Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»

Ադրբեջանը Հայաստանին կներկայացնի խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների նոր փաթեթ, որի մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Report-ը տեղեկացնում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սերբիայի արտգործնախարար Մարկո Ջուրիչի հետ Բաքվում տված համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ իրենք ուսումնասիրել են պատասխանն ու տեսել, որ այն կետերը, որոնց վերաբերյալ համաձայնության չեն հասել, հայկական կողմը հանել է դրանք տեքստից՝ հավելելով, որ Հայաստանը հարցին պետք է ավելի լուրջ մոտենա։

Բայրամովը նշել է, որ Հայաստանը լուրջ քայլեր պիտի ձեռնարկի տարածաշրջանում խաղաղության համար։

«Փաստ է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ դեռևս պահանջներ կան Ադրբեջանի տարածքի նկատմամբ։ Ես ընդգծել եմ, որ դա խաղաղության և կարգավորման գործընթացին սպառնացող ամենալուրջ տարրն է։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, ապա պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»,- հավելել է նա։

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ։

«Անտեղի են Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունները համեմատելու փորձերը։ Այս խնդրի մասին մենք հայկական կողմին հայտնել ենք երկու տարի առաջ։ Ադրբեջանը, որպես կառուցողական կողմ, դա ոչ թե պայման էր դրել բանակցությունների համար, այլ ցանկանում էր հարցի լուծում։ Նրանք փորձեցին շրջանցել այս հարցը։ Նրանք այն ժամանակ ոչ մի պահանջ չեն ներկայացրել Ադրբեջանի Սահմանադրությանը։ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում հարևան ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ»,- ասել է Բայրամովը։



Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)