ՄշակույթՍպորտՍփյուռք

Հայության պահպանումն ու զարգացումը ֆուտբոլային խաղադաշտում ու դրանից դուրս. «Դոնի Նախիջևան» 

Հայության պահպանումն ու զարգացումը ֆուտբոլային խաղադաշտում ու դրանից դուրս. «Դոնի Նախիջևան»

Ֆուտբոլային ակումբ հիմնելու, պահելու ու զարգացնելու համար մեծ աշխատանք ու նվիրվածություն է հարկավոր։ Հենց այս հիմքի վրա էլ 2020 թվականին Ռոստովում տեղի հայ համայնքի շնորհիվ ձևավորվեց «Դոնի Նախիջևան» ակումբը, որը «Կոբարտի» իրավահաջորդն է։ 

Ակումբի սեփականատեր Կարեն Մկրտչյանը նշում է, որ ակումբի հիմնական գաղափարը հայության պահպանումն է։ 

— Անգամ Հայաստանում դժվար է ստեղծել ֆուտբոլային ակումբ, որը կունենա ոչ միայն հիմնական թիմ, այլև պատանեկան թիմեր, ֆուտզալի, հոկեի թիմեր։ 2020 թվականին հիմնադրեցիք ակումբը։ Ակումբը «Կոբարտի» իրավահաջորդն է։ Ո՞րն է ակումբի հիմնական նպատակը։
— Մեր գլխավոր նպատակն այն է, որ քաղաքն ու համայնքը ճանաչեն։ Ինչպես մշակույթով, այնպես էլ սպորտով փորձում ենք միավորել հայ երիտասարդներին։ Անգամ շատերը չգիտեն, որ հայ են։ Նրանցից շատերի տատը կամ պապը հայ են, մենք էլ փորձում ենք նրանց միավորել, ինչը համայնքի օգտակարությանն է նպաստում։ Սպորտը հայերին միավորելու մի ձև է։

— Ակումբը սիրողական մակարդակում է խաղում։ Պրոֆեսիոնալ ակումբ ստեղծելու նպատակ ունե՞ք ու ինչպե՞ս եք այն տեսնում։
— Կարծում եմ, որ կարևոր է ոչ թե պրոֆեսիոնալ ակումբ ստեղծելը, այլ օգնել երիդասարդներին, որ նրանք կարողանան օգուտ տալ հայկական ակումբներին, ինչու չէ նաև ազգային հավաքականին, մեր երկրին։

Կարևորելով հայերին ու հայ համայնքին՝ ֆուտբոլային ակումբը փորձում է առաջին հերթին դաստիարակել ապագա սերունդներին, ինչը շատ ավելին է։

— Պարզ է, որ ամեն նոր մրցաշրջանից առաջ թիմում սելեկցիա է տեղի ունենում։ Ինչպե՞ս եք ընտրում ֆուտբոլիստների։ Ընդհանրապես ակումբի ռազմավարությունը նոր ֆուտբոլիստներ կրթե՞լն է, թե՞ պարզապես սիրողական մակարդակում ակումբ ունենալը։
— Մեր թիմում միայն հայեր պիտի խաղան։ Շատերը կողմ չեն, բայց ես բացատրում եմ, որ սա հայկական համայնք է ու այստեղ պիտի հայեր խաղան։ Ակումբը ստեղծված է հայ համայնքի, հայության համար։ Կարևոր է նաև մարդկային լավ հատկություններ ունենալը։ Հետո նոր կարևորում ենք ֆուտբոլային հատկանիշները։ Եթե ուզում ենք ընտանիք ստեղծել, առաջինը մարդկային հատկանիշներին պիտի նայենք։

Ակումբը այս 4 տարիների ընթացքում արդեն հասցրել է սիրվել ու ճանաչում ձեռք բերել, ինչու չէ նաև մեդալակիր դառնալ Համահայկական խաղերում։

— 2023 թվականի Համահայկական խաղերում ակումբը արծաթե մեդալակիր դարձավ։ Հաջորդին ոսկի սպասե՞նք։
— Մենք արդեն հաղթել ենք ոսկի «Կոբարտի» հետ։ Ես այն ժամանակ պատասխանատվություն վերցրի ու նպատակ դրեցի հաղթել Համահայկական խաղերում։ Հաղթեցի։ Ինձ համար հիմա կարևորն այն է, որ համահայկական խաղերը լավ անցկացվեն, որ շատ մարզիկների բերենք Հայաստան։ Նախորդ տարվա խաղերին մասնակցողների մոտ 50%-ն առաջին անգամ էր Հայաստանում։ Նրանցից շատերը մտածում են Հայաստանում մշտական ապրելու մասին։

— Շփումներ եղե՞լ են ՀՖՖ-ի հետ կամ կա՞ն հայկական ակումբներ, որոնց հետ համագործակցում եք։
— Շփումներ միշտ են եղել։ Դեռ չկան ակումբների հետ համագործակցություններ, բայց մենք ցանկանում ենք ոչ թե կոնկրետ ակումբի, այլ ֆեդերացիայի հետ համագործակցել։ Երբ մասնակցեցինք համահայկական խաղերին, շփումներ եղել են շատերի հետ։ Մենք ունենք ֆուտզալի ակումբ։ Մեր ակումբից այժմ ֆուտզալի Հայաստանի հավաքականում հանդես եկող ունենք՝ Ալբերտ Աղաջանովը։ Մենք չենք սահամանափակվում միայն մեր ակումբով, ձգտում ենք անել այնպես, որ զարգանան, գնան առաջ։

— Այսօր հայկական ֆուտբոլում ակումբների պակաս կա։ Առաջին խմբում 12 ակումբ կա, որից 6-ը գլխավոր թիմերի դուստր թիմերն են։ Ակումբը Հայաստանում զարգացնելու հեռանկար տեսնո՞ւմ եք։ Հայրենիքում զարգանալու տարբերակներ քննարկո՞ւմ եք։
— Մեկ-մեկ մտածում ենք, բայց հասկանում ենք, որ իմաստ չկա։ Մեր նպատակն այլ է։ Նախ, շատ դժվար է դա կազմակերպելը, քանի որ շատերն այատեղ դպրոց են հաճախում։ Հետո, դա ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված։

Շատ ակումբներ երկրպագուների կողմից հիշվում են իրենց տարբերանշանվ, մարզաշապիկներով ու դրանց գույներով։ Հետաքրքիր են հատկապես ակումբի մադզաշապիկները, որոնք հայության պահպանման լավ օրինակ են։ Ակումբի մարզաշապիկներից մեկի վրա հայ մեծանուն մարդկանց անուն-ազգանուններն են՝ Մարտիրոս Սարյանի, Ռափայել Պատկանյանի, Ալեքսանդր Մյանսիկյանի և շատերի։

— Ֆուտբոլը վարակիչ սպորտ է ու նաև շատերին մի գաղափարի շուրջ է։ Ո՞րն է ակումբի հիմնական գաղափարն ու ի՞նչ է տալիս ակումբը Ռոստովի հայ համայնքին և ոչ միայն։
— Հայությունը պահպանել։ Եթե չձգտենք պահպանել, երեխան կսկսի այլ լեզվով խոսել, լեզուն կմոռացվի, ավանդույթները կմոռացվեն։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)