Հայաստանի հավաքականի հայտացուցակի հետքերով․ ովքե՞ր կան և ովքե՞ր են բացակայում
Հայաստանի հավաքականի հայտացուցակի հետքերով․ ովքե՞ր կան և ովքե՞ր են բացակայում
Հայաստանի ազգային հավաքականը սկսում է պայքարը Ազգերի լիգայում։ Օգոստոսի 26-ին Ալեքսանդր Պետրակովը հրապարակեց այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կմասնակցեն սեպտեմբերի 7-ին Լատվիայի և սեպտեմբերի 11-ին Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպումներին։
Մարզական մեկնաբան և վերլուծաբան Արման Աբելյանը նշում է, որ «այս Ազգերի լիգան ինչ-որ կոնկրետ բան չի տալիս։ Ձևաչափը մի քիչ փոխվել է, ու կան ավելի մեծ հնարավորություններ Ազգերի լիգայով մեծ մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու։ Ամեն դեպքում է այս Ազգերի լիգայում մենք կտեսնենք Պետրակովի մեկուկես տարվա աշխատանքի արդյունքը, թե թիմը ինչ մակարդակի է հասել խաղային առումով»։
Գլխավոր մարզիչը առաջիկա խաղերին հրավիրել է 26 ֆուտբոլիստների, որոնց մեջ կան նորեկներ՝ Գոռ Մանվելյանը («Նոա», Հայաստան) և Արամ Խամոյանը (ԲԿՄԱ, Հայաստան), և բացականեր, որոնց շատ երկրպագուներ կցանկանային տեսնել։ Արման Աբելյանը կարծում է, որ Մանվելյանին հրավիրվելը միանշանակ պետք էր, «Նոայում» լավագույններից մեկն է, այդ դիրքում կմրցակցի Ժիրայր Շաղոյանի («Դեբրեցեն», Հունգարիա) ու Լուկաս Սելարայանի հետ («Ալ-Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա)։
Իսկ Արամ Խամոյանը (ԲԿՄԱ, Հայաստան) կենտրոնական կիսապաշտպանի դիրքում 5-րդ ֆուտբոլիստն է, այսինքն՝ Ուգոչուկվու Իվուից, Արտակ Դաշյանից (վնասվածքի պատճռաով չի մասնակցի առաջիկա խաղերին), Էդուարդ Սպերցյանից ու Հովհաննես Հարությունյանից բացի ավելի շատ նրան կուզեն տեսնել մարզումային գործընթացի մեջ։
Դարպասապահի դիրքում հավաքականը մեծ խնդիրներ չունի։ Օգնյեն Չանչարևիչը ինչպես հավաքականում, այնպես էլ «Նոայում» շարունակում է լավ ելույթներ ունենալ՝ վերջին 8 խաղում դարպասն անառիկ պահելով 5-ում, ինչպես նաև գոլի հեղինակ դառնալով ԱԵԿ-ի դեմ խաղում։ «Փյունիկի» դարպասապահ Հենրի Ավագյանը նոր մեկնարկած առաջնությունում դարձել է թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի առանցքային ֆուտբոլիստներից մեկը․ 28-ամյա դարպասապահը վերջին 7 խաղում անառիկ է պահել դարպասը 4 խաղում։
Պաշտպանությունում նոր անուններ չկան։ Հիմնականում հրավիրվել են այն պաշտպանները, ովքեր մինչ այս էլ հրավիրվել ու մեկնարկային կազմում տեղ էին գտնում։ Հիմնական կազմից խաղային պրակտիկայի պակաս ունեն Գեորգի Հարությունյանն («Կրասնոդար») ու Ստյոպա Մկրտչյանը («Օսիյեկ»)։
Կիսապաշտպանությունում և հարձակման գծում մի շարք հարցեր են առաջանում՝ կապված սլովակական «Սլովանում» հանդես եկող Տիգրան Բարսեղյանի և Նարեկ Գրիգորյանի մասին։ Վերջինս նոր մեկնարկած առաջնության 7 խաղում 2 գոլ է հասցրել հեղինակել։ Նրանց չհրավիրելու ֆոնին՝ շատ երկրպագուներ չեն ցանկանում տեսնել Ալեքսանդր Պետրակովին հավաքականի ղեկին։ Այն հարցին, թե ՀՖՖ-ն պիտի շարունակի համագործակցել ուկրաինացի մասնագետի հետ, Աբելյանը նշեց, որ ֆեդերացիան էլ հստակ դա չի հասկանում։ Պետրակովի առջև հստակ խնդիր էր դրված՝ Եվրո-2024-ի ուղեգիր նվաճել, բայց այդ խնդիրը չկատարվեց, հետո ինչ-ինչ հանգամանքներ հաշվի առնելով, որ թիմի խաղը բարելավում էր՝ նրան թողեցին պաշտոնում։ Նա և՛ դրական կողմեր է տեսնում մարզչի աշխատանքում, և՛ բացասական։
Մասնագետը հավելելեց նաև, որ Նարեկ Գրիգորյանի չհրավիրվելու պատճառը մրցակցության հարցն է։ Նարեկը նույնպես արժանի էր, բայց իր դիրքում հրավիրվել են ֆուտբոլիստներ, ովքեր նույնպես այդ հրավերին արժանացել են՝ Վահան Բիչախչյանը («Պոգոն», Լեհաստան), Արթուր Սերոբյանը («Արարատ-Արմենիա», Հայաստան) ու Էդգար Սևիկյանը («Ֆերենցվարոշ», Հունգարիա)։
«Տիգրան Բարսեղյանի հարցը մի քիչ ավելի դժվար է: Խաղային առումով նա ապացուցել է, որ արժանի է հրավիրվելու, բայց խնդիրը դա չէ։ Մինչև Ալեքսանդր Պետրակովը Բարսեղյանը ունեցել է կարգապահական խնդիրներ ուրիշ մարզիչների օրոք, այսինքն չի փայլել այդ առումով։ Հիմա ինչ-որ քայլ նաև Բարսեղյանն ինքն իր կողմից պիտի անի, փորձի զրուցել մարզչի հետ։ Պետրակովը այդ դեպքում չի հրաժարվի նման ֆուտբոլիստից»։
Հայաստանի ազգային հավաքականը պաշտոնական խաղում վերջին հաղթանակը տոնել է Լատվիայի դեմ, որին սեպտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին կհյուրընկալի։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)