Սոցիալական

Էլեկտրական սկուտեր վարելու համար նոր փոփոխություններ են սպասվում

Էլեկտրական սկուտեր վարելու համար նոր փոփոխություններ են սպասվում

Հայաստանում նոր օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվում են անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոցների երթևեկության կանոնները:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Ներքին գործերի փոխնախարար Դավիթ Համբարյանը:

Այսպիսով` սահմանվել է անհատական շարժունակության (տեղաշարժման) միջոց՝ մեկ կամ մի քանի անիվ (գլանափող) ունեցող տրանսպորտային միջոց, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար (էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գիրոսկուտեր, սեգվեյ, միանիվ և այլ նմանատիպ միջոցներ):

«Առանձնացվել է մինչև 18 տարեկանների և 18 տարեկանից բարձր խմբերը, որոնց համար սահմանվել են համապատասխան վայրեր՝ տվյալ միջոցից օգտվելու համար: Մինչև 18 տարեկանների համար սահմանվելու են վայրեր՝ բացառապես ՏԻՄ-ի կողմից, որոնք անվտանգության տեսանկյունից ապահով են: Այսինքն՝ մինչև 18 տարեկան անձինք դա կարող են վարել միայն ավագանու կողմից հաստատված հատուկ տարածքներում: Իսկ 18-ից բարձր տարիքային խմբի համար սահմանվել են այն երթևեկելի մասերը, տարածքները՝ սկսած հեծանվային ուղիներից, վերջացրած ճանապարհների աջ եզրագծերով, որոնցից կարող են օգտվել»,-ասաց փոխնախարարը:

Սահմանվել են նաև այն առանձնահատուկ պայմանները, որոնք պետք է պահպանվեն դրանց վարման ժամանակ:

Օրինակ, ինքնագլորներից Հայաստանում տուժածների մեծամասնությունը՝ 95%-ը, եղել են փոխադրամիջոցը վարած անձինք, իսկ 5%-ը՝ հետիոտներ։ ​Հիվանդանոց դիմած բոլոր տուժածները, այդ թվում՝ փոխադրամիջոց վարող անձինք, եղել են չափահաս, մեծամասնությունը՝ 68%-ը, 18-30 տարեկան, իսկ 32%-ը 30 եւ բարձր տարիքային խմբի ներկայացուցիչներ: Ինքնագլորների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ արդյունքում տուժածների 24%-ի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ,  76%-ի մոտ՝ տարբեր աստիճանի վնասվածքներ առանց կոտրվածքի առկայության:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով