Քաղաքական

Ըստ Զախարովայի՝ Հայաստանը անվտանգության հարցում ՀԱՊԿ-ից բացի այլընտրանք չունի, իսկ թվերն այլ բան են ասում

Ըստ Զախարովայի՝ Հայաստանը անվտանգության հարցում ՀԱՊԿ-ից բացի այլընտրանք չունի, իսկ թվերն այլ բան են ասում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հայաստանը անվտանգության հարցում այլընտրանք չունի, բացի ՀԱՊԿ-ից։

«Հուսով ենք, որ ի շահ Հայաստանի ապագա անվտանգության և ընդհանրապես ողջ տարածաշրջանի, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ մեր գործընկերությունը լիարժեք կվերականգնվի»,- նշել է պաշտոնյան։

2024 թվականի մարտի 1-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանը 2021 թվականից սկսած 250 միլիոնի դոլարի զենք է գնել Ռուսաստանից, սակայն անհրաժեշտ զենքը չի մատակարարվել։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մոտ 6 ամիս առաջ Հանրայինի եթերում ասել էր, որ ռազմատեխնիկական համագործակցության 96 տոկոսը 2020-ին Ռուսաստանի հետ էր, 2021-ի հունվարից մինչև այս տարեսկիզբ այն 10 տոկոսի էլ չի հասնում։

2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։ Ի դեպ, Հայաստանը դարձել է Հնդկաստանի ամենախոշոր գնորդը։

Հայաստանն ու ֆրանսիական KNDS ռազմարդյունաբերական ընկերությունը «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ «Սեզար» հրետանային համակարգի արժեքը կազմում է շուրջ 180 միլիոն դոլար։ Ֆրանսիայից գնվել է նաև GM200 ռադարներ, որոնց արժեքը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։



Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)