Անազատության մեջ գտնվող անձ է սպանվել. դատախազը գործը հանձնել է դատարան
Անազատության մեջ գտնվող անձ է սպանվել. դատախազը գործը հանձնել է դատարան
Արմավիր քրեակատարողական հիմնարկի մի քանի պաշտոնատար անձիք թերացել են իրենց աշխատանքում, որն է հսկողություն իրականացրել քրեակատարողական հիմնարկի խցում պահվող անձանց նկատմամբ, որի պատճառով անձ է սպանվել։
Նախաքննության արդյունքում պարզվել է, որ անվտանգության ապահովման պատասխանատուները ոչ պատշաճ հսկողություն իրականացնելու պատճառով, տեղյակ չեն եղել սպանված անձի՝ խցակցի կողմից պարբերաբար բռնության ենթարկվելու մասին։
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ սպանված Ա․Յ-ն մահից րոպեներ առաջ ստացած մարմնական վնասվածքների պատճառով է մահացել։
Պահակետի շուրջօրյա հերթափոխում ընդգրկված անվտանգության ապահովման բաժնի երեք աշխատակիցները՝ Ա.Խ.-ն, Խ.Խ.-ն և Մ.Զ.-ն, պարտավորված էին րականացնել խցերում պահվող անձանց վարքագծի նկատմամբ հսկողություն, և սպանության կամ անձի առողջությանը ծանր վնաս հասցնելու նախանշաններ հայտնաբերելիս հայտարարել երրորդ աստիճանի տագնապ և այդ մասին զեկուցել մասնաշենքի ավագին։ Սակայն նրանք չեն կատարել իրենց պարտականությունները, և դրա հետևանքով կալանավոր Ա․Յ․-ն սպանվել է։
Մեղադրյալներ Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց բացակայելու արգելքը, սակայն 2024 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ այն փոխվել է, համակցված կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Դատախազը հաստատել է Ա.Խ.-ի և Խ.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել դատարան (մեղադրյալ Մ.Զ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա մասով քրեական վարույթն անջատվել է):
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)