Ե՞րբ շրջապատը հարմար կլինի հաշմանդամի համար
Երբ շրջապատը հարմար կլինի հաշմանդամի համար
2020 թ․-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց շատերի կյանքի հունը։ Մեր հերոսներից շատերը վերադարձան հաշմանդամ դարձած ու հասկացան, որ պակաս հերոսություն չէ նաև խաղաղ կյանքին հարմարվելը։
Արկադին պատերազմից հետո դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ, դժվարությամբ է քայլում։ Պատմում է, որ կյանքը դրսում մի քիչ դժվար է, երբ մարդն ունի բազմաթիվ վնասվածքներ, շարժվելու, տեղափոխվելու համար օգտվում է ձեռնափայտից։ «Դե հասարակական տրանսպորտից չեմ օգտվում, քանի որ անհարմարությունները շատ-շատ են։ Դժվար է, չգիտեմ՝ ոնց կնայեն մարդիկ, բացի այդ էլ շատ դժվար է բարձրանալ տրանսպորտ։ Բայց պետք է նաև ասեմ, որ հասարակությունը, մարդիկ անում են ամեն ինչ, որպեսզի դու քեզ վատ, անտեսված չզգաս»։
Հաշմանդամություն ունեցող երիտասարդները մեր կողքին են, ապրում են մեզ հետ և շատ հաճախ բախվում են խնդիրների, որոնք մեզ համար աննշան ու աննկատելի են։ Զրուցակիցս՝ Օֆելյան, ունի հենաշարժողական համակարգի խնդիրներ, բայց հակառակ դրան՝ շարունակում է ամուր կանգնած մնալ դժվարություններին դեմ հանդիման ու առաջ շարժվել՝ դրանք հաղթահարելով։ Սովորում է Վանաձորի պետական համալսարանում։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր խնդիր հաղթահարելի է և առաջին հերթին կախված է անձից․«Մարդն ինքը պիտի ներգրավվի միջավայրում ու սոցիալականացվի,- նշում է Օֆելյան ու հավելում,- բայց ամեն բան այդքան էլ հեշտ չէ․միջավայրում առկա են որոշակի խնդիրներ»։
Ըստ նրա՝ ավելի անհարմար են ուսումնական հաստատությունները, որտեղ ոչ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք կարող են սովորել։ Կրթության ոլորտում առաջ գնալիս երիտասարդները շատ անհարմարությունների են բախվում, որն առաջին հերթին կապված է թեքահարթակների բացակայության հետ։
Հասարակական տրանսպորտից օգտվելը ևս կապված է մի շարք անհարմարություների հետ․դրանց փոքր մասն է հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Հատկապես միջհամայնքային տրանսպորտը ոչ բարվոք վիճակում է, հետևաբար այստեղ անհարմարություններն ավելի շատ են ու ավելի մեծ։
Վանաձորի «Հավասարություն բոլորի համար» նախաձեռնության անդամ Նարեն պատմեց, որ երիտասարդների հետ այցեր են կատարել տարբեր մշակութային կառույցներ՝ կերպարվեստի թանգարան, տիկնիկային թատրոն, Ստեփան Զորյանի տուն-թանգարան և այլն։ Անհարմարությունները եղել են շատ, որի պատճառով հաշմանդամություն ունեցող երիտասարդները շատ դասընթացների չեն կարողանում մասնակցել, չեն այցելում նաև թատրոններ ու մշակութային օջախներ։ Թեքահարթակները մեծ մասամբ բացակայել են, իսկ եղածներն էլ չեն համապատասխանել միջազգային չափանիշներին։
Նախատեսում են համագործակցել համայնքապետարանի հետ, որպեսզի միասին իրականացնեն քաղաքն ավելի հարմարավետ դարձնելու ծրագրեր։
Հրազդանում գործող «Միասին մենք կարող ենք» նախաձեռնության թիմը ևս առաջնային խնդիր համարեց թեքահարթակների ոչ բարվոք վիճակում գտնվելն ու ավելորդ բարդություններ առաջացնելը։ Ըստ թիմի՝ թեքահարթակների առկայությունն ապահովելու խնդիրը օրհասական դարձավ հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո։ Նախաձեռնության անդամները նշեցին, որ Հրազդան համայնքի թե’ ղեկավարը, թե’ համայնքապետարանը պատրաստակամություն են հայտնում անել ամեն հնարավոր բան` նպաստելու առկա խնդիրների լուծմանը։
Այն հարցին,թ ե ինչ քայլեր են իրականացնում, որպեսզի քաղաքն ավելի հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին, պատասխանեցին, որ կատարված հետազոտությունների ընթացքում վերհանված խնդիրներից առաջնայինը կապված է թեքահարթակների բացակայության հետ, ուստի պատրաստվում են քիչ-քիչ լուծումներ տալ այս և մյուս խնդիրներին։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր հերթին համագործակցում է բազմաթիվ ՀԿ-ների հետ ՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց գիտելիքներ փոխանցելու և համայնքային կյանքում ներգրավվածության աստիճանի բարձրացման նպատակով։ Հաշվի առնելով պատերազմից հետո հենաշարժողական համակարգի հետ կապված խնդիրների կտրուկ մեծացումը՝ նախատեսվող բոլոր քայլերից առաջնայինը պետք է համարել թեքահարթակների առկայությունը։
Էմիլիա Հոսյան (կամավոր թղթակից)