Սոցիալական

«Երևանցիներին տրված խոստումներն անշեղորեն իրականացնելու» հետքերով

«Երևանցիներին տրված խոստումներն անշեղորեն իրականացնելու» հետքերով

Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք՝ Երևանը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ քաղաք դարձնելով, սրա մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը

DITARKUM.info-ն քաղաքի զարգացման ծրագրի հետքերով է գնացել։ Օրինակ, Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրում «ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների պահանջարկը բարելավելու, դրանք էկոլոգիապես մաքուր տրանսպորտի տեսակներով իրականացնելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել նոր սերնդի տրոլեյբուսներ (71 հատ)»։

Դեռևս հուլիսի 29-ին Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ աշնանը Երևանում կլինեն ZhongTong մակնիշի նոր 15 տրոլեյբուսներ՝ 12 մետր երկարությամբ՝ չնայած այն բանին, որ զարգացման ծրագրով նախատեսվում է գնել 71 նոր սերնդի տրոլեյբուսներ։

Երևան քաղաքի զարգացման ծրագրի գերակայությունների 4-րդ կետով նշված է ճանապարհափողոցային ցանցի զարգացում և բարելավում, այլընտրանքային կապերի ստեղծում, կենտրոնի բեռնաթափման և քաղաքը շրջանցող ճանապարհների ճանապարհաշինարարական լայնածավալ ծրագրերի շարունակականության ապահովում։ 

Յանդեքսը շուրջ 6 տարի է, ինչ 10 բալանոց համակարգով գնահատում է Երեւանի փողոցների ծանրաբեռնվածությունը։ Եթե դիտարկենք միջինացված տվյալները, ապա Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը 6,1 է։ 

Հիմնականում ծանր է երթևեկը 18։00-ից 19։00 ընկած հատվածում։ 08։00-ից 16։00-ից ծանրաբեռնվածությունը գնահատվում է 6 բալ, 17։00-ից 20։00 ծանրաբեռնվածությունը հասնում է 7 բալի։

Գերակայության կետերից մեկը պայքարն է մթնոլորտային օդի աղտոտման դեմ։ Մարդը րոպեում շնչում կամ թունավորվում է 15 անգամ։ Կախված նրա գտնվելու վայրից՝ փոխվում են թոքեր իջնող թթվածնի, փոշու, վտանգավոր աղտոտիչների քանակը։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության ամենաթարմ տվյալներով ամենաշատ մաքուր օդի կարիք ունեն Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկի տարածքում հայտնվածները․այնտեղ տեղադրված օդի որակի դիտակայանը հուշում է՝ փոշին մոտ երկու անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի արժեքը։

Այս համատեքստում նշենք, որ շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը հանգեցնում է տուգանքի՝ 100.000 դրամի չափով (մոտ 250 դոլար): Շինարարական աղբահանության նորմերի խախտումը պատժվում է տուգանքով՝ 50 000 դրամի չափով (մոտ 120 դոլար):

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)