Սոցիալական

Դպրոցներում և քոլեջներում 18 տարին լրացած քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը կկարգավորվի

Դպրոցներում և քոլեջներում 18 տարին լրացած քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը կկարգավորվի

ԱԺ նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կատարվող փոփոխություն տեխնիկական բնույթի է:

Նախագծով կարգավորվելու է դպրոցներում և քոլեջներում սովորող քաղաքացիների անընդհատ ուսումնառությունը։

«Այս կարգավորման պարագայում մենք հնարավորություն կունենանք այդ քաղաքացիներին տարկետում տալ մեկ անգամ` մինչև իրենց ուսումնառության ավարտի օրը ներառյալ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողին` ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան քաղաքացու 20 տարին լրանալու օրը»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ կատարվող փոփոխությունը կհեշտացնի բազմաթիվ քաղաքացիների կյանքը, կկրճատվի փաստաթղթաշրջանառության ընթացակարգը, կբացառվեն վրիպակները, կբարձրանա տարկետման տրամադրման գործընթացի կազմակերպման արդյունավետությունը:

Կարգավորումը վերաբերում է դպրոցներում և քոլեջներում սովորող 18 տարին լրացած անձանց։ Իսկ 9-րդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը չշարունակած անձանց կարգավորումը չի վերաբերում։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է նաև նպատակային ուսումնառության համար`Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրերով սովորողին: Սույն կետի համաձայն` քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը»

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով