Պապիկյանի՝ Կորեա կատարած այցի շրջանակում քննարկվել են արհեստական բանականությանն առնչվող հարցեր
Պապիկյանի՝ Կորեա կատարած այցի շրջանակում քննարկվել են արհեստական բանականությանն առնչվող հարցեր
Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ մասնակցել է «Պատասխանատու արհեստական բանականություն՝ ռազմական տիրույթում» գագաթնաժողովի բացման արարողությանը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն։
Միջոցառումը կազմակերպել են Կորեայի Հանրապետության, Նիդերլանդների, Միացյալ Թագավորության, Սինգապուրի և Քենիայի պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունները։ Նրանց նպատակը միջազգային մեխանիզմների նախաձեռնումն է՝ վերահսկելու արհեստական բանականության կիրառումը ռազմական տեխնոլոգիաներում և մարտական գործողությունների վարման ընթացքում:
Իսկ այսօր Պապիկյանը մասնակցել է նախարարական աշխատանքային ճաշին և գագաթնաժողովի թեմային առնչվող հարցերի քննարկմանը։
Քննարկվել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին ու երկկողմ և բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի հետ, ինչի արդյունքում փոխադարձության հիմունքներով երկու մայրաքաղաքներում դեսպանատներ բացելու պայմանավորվածություն էր ձեռքբերվել։
Ներկայումս Հայաստանում Կորեայի դիվանագիտական առաքելության գործառույթները համատեղության կարգով իրականացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանությունը, Հարավային Կորեայում Երևանի շահերը ներկայացնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։
Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)