Տնտեսական

Վիզաների ազատականացումը իրատեսական է․ Հայաստանում է Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Վիզաների ազատականացումը իրատեսական է․ Հայաստանում է Եվրահանձնաժողովի փոխնախագահը

Վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու նպատակով ՀՀ-ում է Եվրահանձնաժողովի փոխնախագահը։

ԵՀ հայտարարության մեջ նշվում է՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քաղաքական մակարդակով վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկն «ուժեղ ազդանշան է Եվրամիությանը և նրա անդամ երկրներին ԵՄ-ի և ՀՀ-ի միջև առանց այն էլ ամուր գործընկերությունը խորացնելու վճռականության մասին»։

Հուլիսի 17-ին Եվրոպական խորհուրդը հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու Եվրահանձնաժողովի առաջարկությանը: Սա նշանակում է, որ սկիզբ է դրվում շատ ավելի երկարատև գործընթացի՝ Հայաստանում Եվրահանձնաժողովի մշակած «Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի» չափանիշների տեղայնացմանը։

Ներկայումս ոչ ԵՄ անդամ 61 երկիր ունի վիզայի ազատականացված ռեժիմ Եվրամիության հետ: Այդ երկրների խմբում են Ալբանիան, Սերբիան, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ճապոնիան, Մալայզիան, Պերուն, Բրազիլիան և այլն: Այս ռեժիմի համաձայն, ոչ ԵՄ քաղաքացիները կարող են ժամանակավոր կացության համար մուտք գործել Շենգեն տարածք՝ առանց վիզայի անհրաժեշտության: Այս ռեժիմն ունի փոխադարձության սկզբունք: Այսինքն, առանց վիզայի ռեժիմը գործում է նաև ԵՄ քաղաքացիների համար, որոնք ճանապարհորդում են ԵՄ-ից դուրս գտնվող երկրներ:

ԵՄ-ի հետ վիզայի ազատականացված ռեժիմը ենթադրում է նաև, որ ոչ ԵՄ քաղաքացին կարող է 180 օրվա ընթացքում 90 օր մնալ Շենգեն գոտում: Իսկ Շենգեն գոտուց 90 օր անընդմեջ բացակայությունը թույլ է տալիս ևս 90 օր մնալ Շենգեն գոտում՝ առանց վիզայի: 

Եվրամիության հետ ազատականացված վիզայի ռեժիմ ստանալը ոչ ԵՄ անդամ երկրների համար տարիների աշխատանք է պահանջում: Սակայն տարբեր երկրների համար այդ ժամանակը տարբեր է: 

Եվրահանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի բաժնի տնօրինությամբ իրականացվում են բանակցություններ «Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի» (VLAP) փաստաթղթի շուրջ։ Գործողությունների պլանը ներառում է չափանիշների չորս բաժին, որոնց պետք է համապատասխանի երկիրը։ Այդ չորս բաժիններն են՝ փաստաթղթերի անվտանգություն, ոչ կանոնավոր միգրացիա, հասարակական կարգ և անվտանգություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ 

Փաստաթղթերի անվտանգության բաժնում ներառված են այնպիսի հարցեր, որոնք վերաբերում են քաղաքացիների անձնական տվյալների, ցանկացած տեսակի այլ փաստաթղթերի անվտանգության համակարգերին, էլեկտրոնային անձնագրերին, դրանց կիրառման համար անհրաժեշտ մեխանիզմներին և այլն: 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով