Ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Չինաստան ու հակառակ ուղղությամբ
Ուղիղ չվերթներ Հայաստանից դեպի Չինաստան ու հակառակ ուղղությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:
Նախարար Սանոսյանը չվերթը պատմական է որակել՝ հաշվի առնելով, որ առաջին անգամ Չինաստանի և Երևանի միջև օդային կապ կա: «Այս ուղղությամբ կարծում ենք մեծ պահանջարկ կա և այն բոլոր կողմերից կհեշտացնի մարդկանց կյանքը և կխնայի բավական մեծ ժամանակ, ովքեր Հայաստանից Չինաստան կամ հակառակ ուղղությամբ մտադրություն ունեն թռիչքներ կատարելու: Չվերթները վստահաբար կմեծացնեն ուղևորաշրջանառությունը, կխթանեն երկու ժողովուրդների միջև կրթական, մշակութային հաղորդակցությանը։ Կարևորելով տնտեսական բաղադրիչը՝ պետք է նշեմ, որ բիզնես զբոսաշրջության ուղղությունը Չինաստանի հետ շատ խոստումնալից է, և ուղիղ ավիահաղորդակցության պարագայում այդ շփումները կդյուրինացվեն»,-լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը:
«Չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով և կարող է ապահովել ավելի քան 300 նստատեղ: CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է: Հայ ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ»,- նշված է Չինաստանի դեսպան Ֆան Յոնի «Ֆեյսբուք»-ի էջում։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)