«Հույսը կորցնելը կորստաբեր է, ինչպես ճակատամարտում կորցնես սուրդ․․․»
«Հույսը կորցնելը կորստաբեր է, ինչպես ճակատամարտում կորցնես սուրդ․․․»
Այսօր՝ մայիսի 9-ին, նշվում է հաղթանակի օրը։ Շուշիի ազատագրումը, որը հայտնի է նաև «Հարսանիք լեռներում ռազմագործողություն» անվամբ, տեղի ունեցավ 1992 թվականի մայիսի 8-ից 9-ը և դարձավ հայոց պատմության կարևոր ու հաղթանակած էջերից մեկը։
Պատմությունը լավագույնս ներկայացնում են ոչ միայն պատմաբանները, այլև գրողները, որոնց աշխատությունները դառնում են կարևոր բոլոր ժամանակների համար։
«Թեև մենք շրջապատված ենք թշնամիներով, ու թեև մեր Շուշին գերված է, բայց երբեք ստրուկ չէ։ Ազատության կռվի կրակը մեր մեջ հզոր է, և ոչինչ չի մարի նրան ոչ այսօր, ոչ էլ եկող ժամանակներում։»․ Արձակագիր Սերո Խանզադյանն այս ոգով գրել է «Շուշի» պատմավեպն այն ժամանակ, երբ հայերի և թշնամու միջև լարված պայքար էր ընթանում։ Այս պատմավեպում նկարագրված իրադարձություններն ու դեպքերն ունեն հավաստի և ճշգրիտ հիմք։ Սերո Խանզադյանը, այս վեպը գրելով, նկարագրելով անզիջում պայքարը, կամքը, պատրաստակամությունը, նպատակ է ունեցել ցույց տալ, որ հայերն ունեն ընդամենը մեկ ճանապարհ, և այդ ճանապարհն Արցախն ազատագրելն է, իսկ Արցախն ազատագրելը նշանակում է նախ և առաջ բարձրում պահել ռազմավարական նշանակություն ունեցող Շուշին։
Այսօր մեր նապատակը կրկին մեկն է՝ ամուր պահել Շուշին։ Ի վերջո այդ նույն հաղթանակից հետո մենք կրկին պայքար մղելու խնդիր ունենք։ Միշտ լինում են ժամանակներ, երբ ամեն բան թվում է անհնարին։ Շուշիի հաղթանակից առաջ ևս եղել է ժամանակ, երբ միակ քայլը հուսահատվելն էր։ Հենց այդ ժամանակների համար Խանզադյանը գրել է հետևյալ կերպ.
«Հույսը կորցնելը կորստաբեր է, ինչպես ճակատամարտում կորցնես սուրդ։ Վհատությունը փութացնում է անկումը։ Իմացեք՝ հուսահատությունը տառապյալների կործանման գավազանն է։ Երբեք չընդունեք չարիք։ Ամուր եղեք հոգով ու մանավանդ ուժով։»
Նման աշխատությունները, ոչ միայն սովորեցնում են ժամանակագրություն, այլև թույլ են տալիս համեմատել անցյալն ու ներկան, գտնել լուծումներ՝ անցյալի սխալները վերլուծելով։ Պատմությունից դաս քաղելն ամենակարևորն է։ Թեպետ ժամանակները փոխվում են, բայց այնուամենայնիվ պատմությունը կրկնվելու հատկություն ունի։
«- Դեպի Շուշի՜․․․ Արթնացի՛ր, հայ։ Արթնացի՛ր, հայի Ղարաբաղ․․․Ելե՛ք, մեր Ղարաբաղը փրկենք․․․Մենք կփրկենք քեզ, Ղարաբա՜ղ․․․»
Գայա Ասոյան (կամավոր թղթակից)