ԵԱ-2024․ Ի՞նչ սպասենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականից
ԵԱ-2024․ Ի՞նչ սպասենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականից
Անկախ այն բանից, թե մեր հավաքականի ղեկը ով կստանձնի(կլինի Կլոպը, Գվարդիոլան, Տալալաևը թե Խաշմանյանը), մենք չպետք է եզրափակիչ դուրս գալու խնդիր դնենք մեր ու մեր նոր մարզչի առջև։
Խոակին Կապարոսի հրաժարականից հետո մարզչի ղեկը ստանձնել է լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին։ Սակայն, հասկանալի է, որ մեզ նոր մարզիչ է պետք։ Իսկ ի՞նչ խնդիր պիտի լուծի մեր հավաքականի ապագա մարզիչը։ Նա նախևառաջ պետք է ձևավորի ազգային հավաքական`հրավիրելով բավարար կայուն խաղաժամանկ ստացող ֆուտբոլիստների և այն երիտասարդներին, ովքեր ոչ թե կհրավիրվեն հավաքական և խաղավարտից 5-10 րոպե առաջ կմտնեն խաղադաշտ, այլ ավելի երկար, և կախված մրցակցից`ամբողջական կամ մեկ խաղակես կանցկացնեն։ Այսինքն, մարզչի ուսերին ավելի բարդ խնդիր է դրված լինելու, քան եզրափակիչ դուրս գալը՝ վերականգնել թիմում լավ մթնոլորտը, մտցնել հաղթողի հոգեբանություն և չբավարարվել մեկ խաղային ձեռագրով։
Ի՞նչ մրցակիցներ են մեզ բաժին հասել։ Հայաստանի հավաքականի մրցակիցները մեծ հաշվով այն նույն մակարդակի են, ում դեմ մեր ընտրանին մրցում էր Ազգերի լիգայի B դիվիզիոնում, այսինքն՝ մեր հավաքականը արդեն բավարար չափով վարժ է` նման մակարդակի դեմ մրցելու համար։ Հավաքականը պետք է այս ընտրականում խուսափի այն խոշոր հաշիվներից, որոնք վերջին 1 տարում հաճախ էինք տեսնում։ Մենք արդեն ոււնենք բավարար փորձ, և պետք է այդ փորձը իրենը ասի, այլապես պարզ կդառնա, որ մենք ոչ մի բանից դեռ դասեր չենք քաղել։ Սա մարզչի թիվ մեկ խնդիրներից է։
Խորվաթիայի հավաքականը բավականին լավ է խաղում և դրա վառ ապացույցը Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ դուրս գալն է, բայց ասել, որ նրանք խմբում հաղթելու միակ թեկնածուն են, նվազագույնը սխալ կլինի։ Ուելսի հավաքականը մեզ համար նոր մրցակից է լինելու, ովքեր ևս Մունդիալում էին, սակայն դժգույն ֆուտբոլ ցույց տվեցին։ Մենք երբևէ չենք խաղացել նրանց դեմ։ Մեծբրիտանական երկրների դեմ մենք այդքան էլ լավ չենք կարողանում խաղալ։ Շոտլանդիան ամենավառ օրինակն է։ Թուրքիայի ընտրանու դեմ խաղերը ոչ այլ ինչ են, քան ազգային արժանապատվության խաղեր։ Բոլորս հասկանում ենք, որ մենք մի քանի անգամ թույլ ենք նրանցից, բայց անկախ ամեն ինչից`Հայաստանի ազգային հավաքականը պիտի Երևանում, գոնե, պատվով խաղա։ Թուրքիան այն պինդ հավաքականներից է, որ իրենից թույլերի դեմ շատ քիչ է հնարավորություն տալիս։ Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ասեղ գցելու տեղ չպիտի լինի։ Մեր հաղթանակի սկիզբը սկսվելու է հենց այդտեղից։ Խմբի տեսականորեն ամենաթույլ հավաքականը Լատվիան է։ Բայց մի շտապեք մեզ ավելի ուժեղ դարձնել Լատվիայից։ Նրանք և մենք Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում նույն դիվիզիոնում ենք լինելու։ Նրանք կարողացան հաղթել D դիվիզիոնում և բարձրացան C:
Ամփոփելով մեր խումբը`պետք է ասել հետևյալը. հավաքականի նոր մարզիչը պիտի ձևավորի հավաքական, հրավիրի այնպիսի երիտասարդների, որոնք մեծ դեր կունենան թիմում, և ունենալ խաղային ձեռագիր, որը դժվար կոտրելի կլինի մեր առաջիկա մրցակիցների համար։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)