«Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի»․ ցուցահանդեսն Արցախի բռնազավթված հուշարձանները հանրահռչակելու լուրջ հնարավորություն ունի
«Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի»․ ցուցահանդեսն Արցախի բռնազավթված հուշարձանները հանրահռչակելու լուրջ հնարավորություն ունի
Արցախի պատմամշակութային ժառանգության ավելի քան չորս տասնյակ հուշարձան է ներկայացված «Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսին։ Արցախի՝ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներում գտնվող շուրջ 2000 պատմամշակութային հուշարձանները մեկ ցուցահանդեսի շրջանակում, առավելևս՝ մեկ ցուցասրահում ներկայացնել, բնականաբար, հնարավոր չէր, ուստի ընտրվել են բնութագրական հուշարձանները։
«Փորձել ենք պատմամշակութային հուշարձանների այս քանակով ներկայացնել նաև մեր մյուս հուշարձանները, որոնք Արցախի բռնազավթված հատվածում են։ Ընտրել ենք առավել հայտնի, նշանավոր հուշարձանները, հոգևոր կենտրոնները, որոնք կապված են Արցախում իշխանական տների հետ՝ ընդգծելու համար Արցախում հայկական իշխանության փաստերը։ Որպես օրինակ՝ կարող եմ նշել Եղիշե առաքյալի վանքը, որտեղ թաղված է Վաչագան Բարեպաշտ թագավորը»,-ասաց Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն ընդգծում են՝ հատկապես հիմա, երբ Ադրբեջանը հայտարարել է պետական մակարդակով Արցախի բռնազավթած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության, ըստ էության, բռնայուրացնելու ծրագրի մասին, օր առաջ ջանքերը կենտրոնացնելու և սպասվող մշակութային ցեղասպանությունը կանխելու բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել։
Արմինե Հայրապետյանը լիահույս է, որ ցուցահանդեսին մասնակցած ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կօգնի որոշ չափով հանրահռչակել, միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել Արցախի բռնազավթված հատվածում գտնվող հուշարձաններին սպառնացող վտանգի վրա։
Ցուցահանդեսը, որը բաց կլինի մինչև մարտի 20-ը, յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00-17։00-ն, Արցախի հարուստ պատմամշակութային կոթողներին ծանոթանալու հնարավորություն է նաև մեզ՝ հայերիս համար։ Տիկին Հայրապետյանը համոզված է՝ մինչև ինքներս լավ չգիտակցենք, թե ինչ ենք կորցրել, մինչև լիարժեք չտիրապետենք խնդրին, չենք կարողանա դիմագրավել մարտահրավերներին, մասնավորապես՝ Ադրբեջանի՝ Արցախի բռնազավթված հուշարձանները ոչնչացնելու և բռնայուրացնելու փորձերին։
Ցուցահանդեսին ներկայացված են նաև մի քանի լուսանկարներ, որոնք փաստում են հայկական հուշարձանների հանդեպ ադրբեջանցիների իրականացրած վանդալիզմի մասին։ Իրականում ադրբեջանական վանդալիզմի դեպքերը շատ են Արցախի օկուպացված հատվածում։ Ցուցահանդեսին ներկայացված օրինակներն ընդամենը դրանցից մի քանիսն են։
Ադրբեջանական վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների վերացման ու աղվանացման վերահաս վտանգը կանխելու գործում որոշակի դերակատարում կարող է ունենալ նաև Artsakh Monuments կայքը, որը գործարկվել է օրեր առաջ՝ դարձյալ Արցախի ԿԳՄՍ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» նախաձեռնությամբ։
«Կայքում առանձին բաժին կա նաև օկուպացված բնակավայրերի մասին, որտեղ ներկայացվելու է այդ բնակավայրերի պատմությունը․ նաև վիճակագրական տվյալներ կլինեն, օրինակ՝ բնակչության թվաքանակը՝ տարբեր ժամանակներում, որպեսզի փաստացի ցույց տանք, որ հնուց ի վեր այդ բնակավայրերը հայկական են եղել, այդտեղ ապրել են հայերը։ Ունենք նաև Հյուսիսային Արցախին նվիրված բաժին, որը ևս մեր կորցրած հայրենիքի մի մասն է»,-մանրամասնեց տիկին Հայրապետյանը։
«Ադրբեջանը՝ քաղաքակրթության թշնամի» լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպել են Արցախի ԿԳՄՍ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունն» ու «Դիզակ Արտ»-ը, վտանգված հայկական հուշարձաններով հետաքրքրվածներին սպասում է Երևանում՝ Խորենացի 47/7 հասցեում։
Լիլիթ Պողոսյան (կամավոր թղթակից)