ՄշակույթՔաղաքական

Հնության պահոց Մեծ Թաղերը․ գրավյալ Հայրենիք

Հնության պահոց Մեծ Թաղերը․ գրավյալ Հայրենիք

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը ոչ միայն շրջանի, այլև ամբողջ Արցախի արհեստագործական հին կենտրոնն էր։ Հին ու բարի ժամանակներից Արցախում հայտնի գրեթե բոլոր արհեստներն այստեղ կա՛մ կային, կա՛մ իրենց հետքն էին թողել։

Գյուղի քարագործ վարպետները փայտից սայլ ու սափոր էին ստանում, խնոցի, չիբուխ ու կահույք, ժայռից՝ գերեզմանաքար, բրուտագործները՝ կավից կուժ ու կուլա․․․ Արհեստը տոհմում սերնդեսերունդ փոխանցվում էր, ու պատահական չէր, որ հարևան գյուղերում այդ արհեստավորներին ազգանուններով էին ճանաչում։

Մեծթաղերցի Վլադիկ Դանիելյանը հիշում է՝ համետագործությունը Բադասյանների ընտանեկան զբաղմունքն էր, իսկ, օրինակ, Սեդրակ Քալաշյանը գյուղում վերջին կուլա կապողն էր, Գուրգեն դային՝ տաշտ կապողը․․․

«Արհեստանոցները գյուղամիջում էին, հիմնականում՝ հին, կոլորիտային շինություններում։ Հնությունների հանդեպ առանձնահատուկ ուշադիր էինք․ մեր գյուղում կղմինդրե տանիքով տներ էլ կային։ Մեծթաղերցու կապած կացնի կոթն էլ անմիջապես տարբերվում էր․ որ նայում էիր, հասկանում էիր, որ մեր գյուղացու ձեռքի գործն է»,-ասում է Վլադիկ Դանիելյանը։

Գորգագործությունը ևս Մեծ Թաղերում շատ հին նախապատմություն ունի․ գյուղացիները միայն գիտեն, որ անհիշելի ժամանակներից մեծ թվով գորգագործարաններ են բացվել ու փակվել գյուղում։ Վերջինը 2000-ականներին էր բացվել, բայց երկար չի գործել։

«Չէինք կարողանում իրացնել։ Քանի որ ձեռքի աշխատանք էր հիմնականում, շատ աշխատանք էր պահանջում ու մատչելի չէր, դժվար էինք վաճառում։ «Հայ կարպետ»-ից էինք էսքիզներ բերել սկզբում ու սկսել հայկական գորգեր գործել։ Աստիճանաբար սովորեցին աշխատողներն այդ գործի նրբությունները․ գործում էինք «Վիշապագորգ», «Արծվագորգ», «Արևագորգ», «Արցախ» և այլն։ Մի էտապ էլ մոդեռն ոճի գորգեր էլ սկսեցինք գործել»,-պատմում է գորգագործարանի տնօրեն Գարիկ Ոսկանյանը։

Այստեղ ստեղծված գորգերից մի քանիսը Մեծ Թաղերի հյուրերին ապշեցնում էին իրենց զարդանախշերով ու գունային խաղով․․․

Մեծ Թաղերում սառնորակ աղբյուրների, կամուրջների, քարայրների պակաս չկա։ Դեռևս 17-րդ դարից պահպանված կամուրջ կար գյուղում (կար, քանի որ հայտնի չէ՝ ադրբեջանցիներն այդ կամրջի հետ ինչ են արել,-խմբ)։ Ուխտատեղիներն էլ գյուղի շուրջբոլորն են։

Վլադիկ Դանիելյանը հիշում է՝ խորհրդային տարիներին, երբ եկեղեցիները չէին գործում, գյուղացիները ուխտագնացության էին գնում Մըրընջուղեն խաչը, Լուսավորչի քարը, Ճոխտ պըռվածառ և այլն։

Անկախությունից հետո գյուղամիջում գտնվող Սուրբ Ամենափրկիչը վերականգնվել է։ 1846 թվականին նախկինում գործող մեկ այլ եկեղեցու տեղում կառուցված այս եկեղեցին խորհրդային տարիներին պահեստի էր վերածվել։ Մեծթաղերցիների ջանքերով այն կրկին սկսեց ծառայել որպես եկեղեցի ու ամեն կիրակի այդտեղ պատարագ էր մատուցվում՝ ընդհուպ մինչև 2020թ․ սեպտեմբերի 27-ը․․․

Մեծ Թաղերում դեռևս հին ժամանակներից ամեն մի տոհմ իր գերեզմանոցն ուներ․ գյուղի ամբողջ եզրագծով տոհմական գերեզմանատներ էին, որոնք համենայնդեպս մինչև 2020թ․ պատերազմը, մինչև Ադրբեջանի կողմից բնիկ հայկական Մեծ Թաղերի օկուպացումը, պահպանվում էին։ Վլադիկ Դանիելյանն ասում է՝ գյուղի մեջ ու գյուղին կից 11 գերեզմանատուն կա, որոնք հայտնի են տոհմական անուններով՝ Միրքիրանց, Շիրվանուց, Պիրտանց, Չիքմազանց, Բիջանանց և այլն։

Հիշեցնենք, որ գյուղի արևմտյան հատվածում գտնվող գերեզմանատունն ադրբեջացիները գյուղն օկուպացնելուց կարճ ժամանակ անց քանդել են, իսկ թե ինչ ճակատագրի են արժանացել գյուղի պատմության ու մշակույթի մյուս արժեքները, հայտնի չէ․․․

Լիլիթ Պողոսյան (կամավոր թղթակից)