Գիտակրթական

Կենսաբանի մարտահրավերը, գիտության ուժն ու ժամանակին արված անակնկալը

Կենսաբանի մարտահրավերը, գիտության ուժն ու ժամանակին արված անակնկալը

Երիտասարդ կենսաբան, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Ռուզաննա Շուշանյանն ուղեղի վրա թթվածնաքաղցի (հիպոքսիա) թողած հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվում է արդեն մի քանի ամիս։ Աշխատանքի ակտիվ փուլն սկսվեց այն բանից հետո, երբ հետազոտության համար Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինասնավորվող թեմաների շարքում ընդգրկվեց նաև Ռուզաննայի թեման։

Որ տարիների ընթացքում եփված գաղափարն ի վերջո պիտի սկսեր կյանքի կոչել, Ռուզաննային շատ էր ոգևորել։ Այս ճանապարհին առաջին լուրջ հաջողությունից երեք ամիս անց երիտասարդ կենսաբանի ոգևորությունը կրկնապատկեց «Նոր Նախիջևան» հիմնադրամը։ Գիտությունը զարգացնելու և կիրառական հետազոտություններին թափ տալու նպատակով հիմնադրամի հայտարարված մրցույթին ներկայացված հայտերից պայմաններին բավարարում էր միայն Ռուզաննայի աշխատանքը։

«Ամենափոքր ֆինանսական օգնությունն անգամ շատ կարևոր է այս դեպքում, քանի որ որոշ չափով օգնում է  արդեն իսկ գեներացված գաղափարի իրականացմանը։ Խրախուսական դրամական մրցանակը, որ ստացել եմ «Նոր Նախիջևան» հիմնադրամի կողմից, անպայման կուղղվի հետազոտության համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերմանը»,-ասում է Ռուզաննան։

Երիտասարդ գիտնականն այժմ իր գիտական ղեկավար Աննա Կարապետյանի հետ գլխուղեղի հյուսվածքաբանական ու արյունաբանական առանձնահատկություններն է փորձում պարզել։ Համոզված է՝ դա հաջողելու դեպքում թթվածնաքաղցի հետևանքները մեղմելն ավելի դյուրին կդառնա։

Գիտությունը՝ ընդդեմ չնահանջող հիվանդությունների

Իշեմիկ կաթվածի, Պարկինսոնի, Ալցհեյմերի և մի շարք այլ նյարդաբանական հիվանդությունների հիմքում ընկած թթվածնաքաղցն ի վերջո հանգեցնում է գլխուղեղում նեյրոնների մահվան։ Նեյրոնների դեգեներացիային նպաստող որոշ գործոններ հայտնի են, բայց ազդեցության մեխանիզմները դեռ խորությամբ ուսումնասիրելու կարիք ունեն։ Հայաստանում մինչև հիմա այդ ուղղությամբ լուրջ ուսումնասիրություն, ինչպես Ռուզաննան է ասում, չի արվել։ Թթվածնաքաղցի հետևանքները եթե ոչ չեզոքացնելու, ապա գոնե թեթևացնելու փորձեր են արվում աշխարհի տարբեր երկրներում։ Այդուհանդերձ, նեյրոդեգեներատիվ հիվանդությունները մինչև հիմա համարվում են անբուժելի։

Երիտասարդ կենսաբանն ասում է՝ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները մեծ սպառնալիք են մարդու առողջության համար, իսկ դրանց հիմքում ընկած հիմնական գործոնը գլխուղեղում նեյրոնների մահն է։ Նեյրոններն սկսում են մահանալ այն ժամանակ, երբ  գլխուղեղը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում։ Հայաստանում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների աճի միտում կա, ինչն էլ նմանատիպ հետազոտությունները դարձնում է խիստ անհրաժեշտ ու արդիական։

Նեյրոդեգեներացիայի հետևանքով կարող են առաջանալ հիշողության և կոգնիտիվ խանգարումներ, խնդիրներ՝ գրելու, կարդալու, շարժվելու ու այլ կենսական կարևոր ֆունկցիաների հետ կապված։

Ուղեղում դիտվող ախտաբանությունները պարզելու համար Ռուզաննան ու գործընկերն այժմ կենդանական մոդելների վրա են փորձարկումներ անում, փորձում հասկանալ, թե հյուսվածքաբանական ու բջջային ինչ առանձնահատկություններ ունի գլխուղեղը։ Ասում է՝ աշխարհում այդ պրակտիկան՝ կենդանիների վրա փորձարկումները, շատ տարածված է։

«Երբ իմանանք, թե թթվածնքաքաղցը գլխուղեղում ինչ պրոցեսներ  է առաջ բերում ու ինչ մեխանիզմներով են զարգանում դրանք, ավելի հեշտ կլինի գտնել նյութեր՝ կենսաբանական միացություններ, որոնք կարող են թուլացնել այդ ազդեցությունները,-ասում է Ռուզաննան ու հավելում։ -Նկատենք, որ գլխուղեղում հակաօքսիդանտային համակարգի ակտիվացումը ևս կարող է կանխել օքսիդատիվ սթրեսի նեյրոտոքսիկ ազդեցությունը՝ դրանով իսկ թուլացնելով նեյրոդեգեներատիվ գործընթացների ինտենսիվությունը»։

Հետազոտությունները դեռ մեկնարկային փուլում են, բայց Ռուզաննան գրեթե համոզված է՝ վերջնական նպատակն այնքան էլ հեռու չէ․ այն ժամանակ, երբ կպարզեն գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները՝ պայմանավորված թթվածնաքաղցով, հիպոքսիայի ազդեցությունը թուլացնող ու նեյրոնների մահը կանխող պրեպարատն էլ կգտնվի։

Ռուզաննան նշեց, որ հետազոտությունների ընթացքում անպայմանորեն դիտարկվելու են որոշ հակաօքսիդանտների հնարավոր բուժիչ ազդեցությունը։ Վստահեցնում են՝ առաջին իսկ շոշափելի արդյունքից հետո թիմը կհամալրվի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողներով ու, իհարկե, միջազգային գործընկերներով։

Լիլիթ Պողոսյան (կամավոր թղթակից)