Տնտեսական

Սյունիքի սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսական ծրագրեր կիրականացվեն

Սյունիքի սահմանամերձ գյուղերում գյուղատնտեսական ծրագրեր կիրականացվեն

Սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց զբաղվածության խնդիրը «Նոր Նախիջևան» մարդասիրական հիմնադրամի ուշադրության կենտրոնում է հիմնադրամի բացումից ի վեր։ Այդ խնդրի առաջնահերթության գիտակցումով «Նոր Նախիջևան» հիմնադրամը պատրաստվում է 2022 թվականին փորձարարական չորս ծրագիր իրականացնել Կապանի տարածաշրջանի Դավիթ Բեկ և Եղվարդ գյուղերում։ Պարզելու համար, թե նշված գյուղերը սահմանամերձ դառնալուց հետո գյուղատնտեսական ինչ պոտենցիալ ունեն, մանրամասն ուսումնասիրություններ են արվել տեղում։
«Այս՝ առաջին փուլում, նախ պետք է հասկանայինք, թե գյուղատնտեսական ինչ ծրագրեր է հնարավոր իրագործել, որոնք գյուղացիների համար կայուն եկամուտ կապահովեն։ Այդ նպատակով գյուղատնտեսը տեղում համապատասխան դաշտային ուսումնասիրություններ է իրականացրել և մշակել մեկ անասնապահական և երեք այգեգործական ծրագիր։ Այդ ծրագրերը գյուղացիներին գերեկամուտ բերող բիզնես նախագծեր չեն, այլ իրատեսական ծրագրեր, որոնք գյուղացիների գյուղատնտեսական գիտելիքների ու հնարավորությունների սահմանում թույլ կտան յուրաքանչյուր տարի կայուն եկամուտ ունենալ»,-ասում է հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը։
Գյուղատնտես Հրանտ Խաչատրյանը, ով հիմնադրամի պատվերով նշված գյուղերում կատարված դիտարկումների ու հետազոտությունների արդյունքում մշակել է փորձարարական ծրագրերը, հավաստիացնում է՝գյուղացիներից գյուղատնտեսական խոր գիտելիքներ չեն պահանջվի այդ ծրագրերով զբաղվելու համար։ Ինչն էլ անհասկանալի կլինի, խորհրդատվության ընթացքում՝ նախքան ծրագրերի մեկնարկը, մանրամասն կբացատրեն։ Ասում է՝ ցանկության դեպքում ցանկացած շարքային գյուղացի կկարողանա զբաղվել առաջարկված ծրագրերից յուրաքանչյուրով։
Ծրագրերը մշակվել են՝ հաշվի առնելով մի շարք կարևոր գործոններ, ինչպիսիք են՝ բնակլիմայական պայմանները, շահութաբերությունը, շուկայի պահանջարկը, տեղում իրացնելու հնարավորությունները, հեռանկարայնությունը և այլն։
«Խոզաբուծությունը, օրինակ, ոչ Դավիթ Բեկում, ոչ էլ Եղվարդում նոր ուղղություն չէ, բայց այդտեղի բնակլիմայական պայմաները, ռելիեֆը ավելի հարմար են վիետնամական ցեղատեսակի խոզաբուծության համար, ինչը և մենք առաջարկում ենք։ Երբ գյուղացիներին բացատրում էի, թե ինչով են տարբերվում այդ խոզերը, այսպես ասած, սովորական խոզերից, այսինքն՝ որ խնամքի ու կերի նկատմամբ պահանջկոտ չեն, ունեն բարձր իմունիտետ տարբեր հիվանդությունների նկատմամբ, ցրտադիմացկուն են և այլն, զգացվում էր, որ մարդկանց, իրոք, հետաքրքրում է դա»,-ասում է գյուղատնտես Հրանտ Խաչատրյանը։
Բոլոր չորս ծրագրերը նախատեսված են առանձին փոքր տնտեսությունների, այսպես կոչված՝ տնամերձ հողատարածքների համար։ Առավելագույն մակերեսը, որտեղ նախատեսվում է իրականացնել այգեգործական ծրագրերը, մինչև 3000 քառ․ մետր տարածք կընդգրկեն։
Ծրագիրը մշակելիս բնականաբար հաշվարկվել է նաև այն, թե տնկարկի հիմնումից որքան ժամանակ անց արտադրական ծավալի բերք կտա օրինակ՝ արքայանարինջը և որքան կլինի տարեկան եկամտաբերությունը՝ ճիշտ մշակության դեպքում։
Այն, որ գալիք՝ 2022թ․ մշակված բոլոր ծրագրերից առնվազն մեկական կիրականացվեն, հիմնադրամի տնօրեն Մհեր Հովհաննիսյանը, վստահեցնում է։ Իսկ թե Դավիթ Բեկ և Եղվարդ համայնքերից քանի տնտեսություն կկարողանա օգտվել այդ տիպային ծրագրերից, կախված կլինի նվիրատվությունների չափից։ Առաջիկայում ծրագրերի մասին նաև տեղեկատվական նյութեր կհրապարակվեն, որպեսզի Սյունիքի մարզի սահմանմերձ դարձած գյուղերի զարգացմանը նպաստել ցանկացող յուրաքանչյուրը կարողանա մաս կազմել այդ կարևոր նախաձեռնությանը։ Բնականաբար, ծրագրերի շահառուների թիվը կախված կլինի այդ նպատակով նվիրաբերված գումարի չափից։
Փորձարարական ծրագրերի հաջողության դեպքում Սյունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած մյուս գյուղերում ևս դրանք կիրագործվեն։

Լիլիթ Պողոսյան (թղթակից)